Հոդված 12
Հոդված 12
Հաշվարկների համակարգի կիրառում
1. Կոմիտեն սահմանում է 19-րդ հոդվածով նախատեսված հաշվարկների ներկայացման ժամկետը կամ ժամկետները և կարգը, ինչպես նաև այդ նպատակով օգտագործվող բլանկի ձևը:
2. Այն երկրների և տարածքների համար, որոնց վրա սույն Կոնվենցիայի գործողությունը չի տարածվում, Կոմիտեն շահագրգիռ Կառավարություններին խնդրում է ներկայացնել հաշվարկներ` սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:
3. Եթե որևէ պետություն մինչև սահմանված ժամկետը իր տարածքներից որևէ մեկի վերաբերյալ հաշվարկը չի ներկայացնում, ապա, որքանով դա հնարավոր է, այդ հաշվարկները կատարվում են Կոմիտեի կողմից: Այդ հաշվարկները Կոմիտեն, որքանով հնարավոր է, կատարում է շահագրգիռ Կառավարության հետ համատեղ:
4. Կոմիտեն քննարկում է հաշվարկները, այդ թվում` լրացուցիչ հաշվարկները, և կարող է պահանջել այնպիսի տեղեկություններ իրեն տրամադրել ցանկացած երկրի կամ տարածքի վերաբերյալ, բացառությամբ հատուկ նպատակների իրականացման կարիքների վերաբերյալ տեղեկությունների, որոնք անհրաժեշտ կհամարի` հաշվարկներն ամփոփելու և դրանց մեջ ներառված ցանկացած հայտարարություն մեկնաբանելու նպատակով:
5. Կոմիտեն, բժշկական և գիտական նպատակների համար բավարար անհրաժեշտ քանակով թմրամիջոցների օգտագործումը և տարածումը սահմանափակելու և հնարավորինս սեղմ ժամանակահատվածում դրանց մատչելիությունն ապահովելու նպատակով, հաստատում է հաշվարկները, այդ թվում` լրացուցիչ հաշվարկները, կամ շահագրգիռ Կառավարության համաձայնությամբ փոփոխում է այդ հաշվարկները: Կառավարության և Կոմիտեի միջև տարաձայնությունների ծագման դեպքում, վերջինս իրավունք կունենա կատարել, հայտնել և հրապարակել իր սեփական հաշվարկները, այդ թվում` լրացուցիչ հաշվարկները:
6. Բացի 15-րդ հոդվածում նշված զեկույցների, Կոմիտեն իր կողմից սահմանված ժամկետներում, սակայն տարին առնվազն մեկ անգամ, հրապարակում է հաշվարկների վերաբերյալ այն տեղեկությունները, որոնք, իր կարծիքով, կնպաստեն սույն Կոնվենցիայի արդյունավետ կենսագործմանը: