Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

Թմրամիջոցների կարիքի հաշվարկներ

1. Կողմերն իրենց տարածքներից յուրաքանչյուրի համար Կոմիտեին ներկայացնում են տարեկան հաշվարկներ` վերջինիս սահմանված կարգով և իր կողմից բաշխված բլանկների վրա, հետևյալի վերաբերյալ.

ա/ բժշկական և գիտական նպատակների համար նախատեսված թմրամիջոցների քանակությունները,

բ/ այլ թմրամիջոցների, 3-րդ ցանկում ընդգրկված պատրաստուկների և սույն Կոնվենցիայով չկարգավորվող նյութերի պատրաստման համար նախատեսված թմրամիջոցների քանակությունները,

գ/ թմրամիջոցների պահեստային պաշարները` այն տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, որին վերաբերում են հաշվարկները,

դ/ հատուկ պահեստային պաշարների համալրման համար նախատեսված թմրամիջոցների քանակություններ,

ե/ ափիոնի խաշխաշի մշակման համար առանձնացված հողերի տարածքը /հեկտարներով/ և աշխարհագրական դիրքը,

զ/ ափիոնի մոտավոր քանակությունը, որը նախատեսվում է արտադրել,

է/ այն արդյունաբերական ձեռնարկությունների թիվը, որոնք զբաղվելու են սինթետիկ թմրամիջոցների արտադրությամբ,

ը/ վերին ենթակետում նշված ձեռնարկություններից յուրաքանչյուրում արտադրվելիք սինթետիկ թմրամիջոցների քանակությունները:

2. ա/ 21-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հանումները հաշվի առնելով, ըստ յուրաքանչյուր տարածքի և թմրամիջոցի /բացառությամբ ափիոնի և սինթետիկ թմրամիջոցների/ կատարված հաշվարկների հանրագումարը կազմվում է սույն հոդվածի «ա», «բ» և «դ» ենթակետերում նշված քանակությունների հանրագումարից` դրան գումարելով ցանկացած քանակություն, որը կարող է պահանջվել նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա պահեստային պաշարները 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված քանակությանը հասցնելու համար:

բ/ 21-րդ հոդվածի 3-րդ կետում նշված ներմուծման հետ կապված հանումները և 21bis հոդվածի 2-րդ կետում նշված հանումները հաշվի առնելով, ըստ յուրաքանչյուր տարածքի ափիոնի վերաբերյալ կատարված հաշվարկների հանրագումարը կազմվում է սույն հոդվածի «ա», «բ» և «դ» ենթակետերում նշված քանակությունների հանրագումարից` դրան գումարելով ցանկացած քանակություն, որը կարող է պահանջվել նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա պահեստային պաշարները 1-ին կետի «գ» կամ «զ» ենթակետերով սահմանված քանակություններին հասցնելու համար` կախված նրանից, թե որ քանակությունն է ավելի մեծ:

գ/ 21-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հանումները հաշվի առնելով, ըստ յուրաքանչյուր տարածքի սինթետիկ թմրամիջոցների վերաբերյալ կատարված հաշվարկների հանրագումարը կազմվում է սույն հոդվածի «ա», «բ» և «դ» ենթակետերում նշված քանակությունների հանրագումարից` դրան գումարելով ցանկացած քանակություն, որը կարող է պահանջվել նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա պահեստային պաշարները 1-ին կետի «գ» կամ «ը» ենթակետերով սահմանված քանակություններին հասցնելու համար` կախված նրանից, թե որ քանակությունն է ավելի մեծ:

դ/ Սույն կետի վերը շարադրված ենթակետերին համապատասխան ներկայացվող հաշվարկները կարող են պատշաճ կերպով փոփոխվել, որպեսզի հաշվի առնվի բռնագրավված և հետագայում օրինական օգտագործման համար բաց թողնված ցանկացած քանակություն, ինչպես նաև ազգաբնակչության կարիքները բավարարելու նպատակով հատուկ պաշարներից առանձնացված ցանկացած քանակություն:

3. Յուրաքանչյուր պետություն կարող է տարվա ընթացքում ներկայացնել լրացուցիչ հաշվարկներ` այդպիսի հաշվարկների անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքների բացատրության հետ միասին:

4. Կողմերը Կոմիտեին ծանուցում են հաշվարկներում ներկայացված քանակությունները սահմանելու նպատակով կիրառված մեթոդի մասին, ինչպես նաև նշված մեթոդի ցանկացած փոփոխության մասին:

5. 21-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հանումները, ինչպես նաև, համապատասխան դեպքերում, 21bis հոդվածի դրույթները հաշվի առնելով, հաշվարկները չպետք է գերազանցվեն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։