Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 5 հոդվածում`
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական վճարները կատարում են հետևյալ չափերով.
Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափը Սոցիալական վճարի չափը
մինչև 20,000 դրամ 5,000 դրամ
20,000-ից մինչև 100,000 դրամ 5,000 դրամ գումարած 20,000 դրամը գերազանցող գումարի 15 տոկոսը
100,000 դրամից ավելի 17,000 դրամ գումարած 100,000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը
Ընդ որում, սոցիալական վճարները հաշվարկում է յուրաքանչյուր գործատու, առանց հաշվի առնելու այլ գործատուի (գործատուների) կողմից վարձու աշխատողի համար կատարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները:
Ոչ առևտրային կազմակերպությունների, մշակութային, կրթական (այդ թվում` նախադպրոցական), գիտական, առողջապահական հաստատությունների վարձու աշխատողների համար սույն կետի առաջին մասով սահմանված սոցիալական վճարի նվազագույն չափը կիրառվում է հաստիքային յուրաքանչյուր մեկ լրիվ դրույքի նկատմամբ: Հեղինակային վարձատրությունների նկատմամբ սույն կետի առաջին մասով սահմանված սոցիալական վճարի նվազագույն չափի փոխարեն սոցիալական վճարը հաշվարկվում է հեղինակային վարձատրության նկատմամբ 15 տոկոս դրույքաչափով:».
բ) 2-րդ կետից հանել «, բայց ամսական ոչ ավելի 2500 դրամից» բառերը.
գ) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը.
դ) 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձինք սոցիալական վճարումներ են կատարում սեփականություն համարվող հողատարածքների` տվյալ տարվա համար սահմանված կարգով հաշվարկված կադաստրային զուտ եկամտի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի տարեկան 60 հազար դրամից: Վարձու աշխատանք օգտագործող գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձինք սոցիալական վճարումներ են կատարում նաև գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով:
Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերի և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող տնտեսավարող սուբյեկտների հողատարածքների սեփականատերերի ընտանիքների անդամների նկատմամբ գործատուների և վարձու աշխատողների համար սոցիալական վճարումների սահմանված դրույքաչափերը չեն կիրառվում:
5. Անհատ ձեռնարկատերերը սոցիալական վճարումներ կատարում են հետևյալ դրույքաչափերով.
Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի տարեկան չափը Սոցիալական վճարի չափը
մինչև 1,200,000 դրամ 15 տոկոս
1,200,000 դրամից ավելի 180,000 դրամ գումարած 1,200,000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը
Անկախ սույն կետի առաջին մասի դրույթներից` սոցիալական վճարները վճարվում են տարեկան 60 հազար դրամի չափով, եթե եկամուտների ստացման տվյալ տարվա համար սոցիալական վճարների` սույն կետի առաջին մասի համաձայն որոշված չափը չի գերազանցում 60 հազար դրամը:
Քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց համար սոցիալական վճարները վճարվում են սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:»: