Հոդված 8
Հոդված 8.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.
«Հոդված 8.1. Պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին հանրապետական հանձնաժողովի որոշումը
1. Հանրապետական հանձնաժողովը յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ որոշում է կայացնում նիստին ներկա անդամների ձայների 2/3-ով, եթե հանձնաժողովի նիստին ներկա է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Որոշումն ընդունման պահից 10 օրվա ընթացքում ուղարկվում է դիմումատուին և համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատ:
2. Դիմումը քննարկելուց հետո հանրապետական հանձնաժողովը որոշում է կայացնում դիմումատուին նրա նախընտրած այլընտրանքային ծառայության ուղարկելու կամ դիմումը մերժելու մասին:
3. Դիմումը բավարարելու և դիմումատուին այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու մասին որոշմամբ հանրապետական հանձնաժողովը սահմանում է նաև այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում դիմումատուի կողմից կատարվող աշխատանքների տեսակը և բնույթը: Այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված անձանց կողմից այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Դիմումը մերժելու մասին որոշում ընդունելու դեպքում հանրապետական հանձնաժողովը նշում է դիմումը մերժելու հիմքերը և այն վիճարկելու կարգը:
5. Հանրապետական հանձնաժողովի կողմից դիմումը քննարկելու և դրա վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետը չի կարող գերազանցել մեկ ամիսը:»: