Հոդված 4
Հոդված 4.
Օրենսգրքի 115-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դատարանների նախագահների խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում առաջին ատյանի դատարանում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ քանակը և դրա հիման վրա որոշում է կայացնում դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժնի համալրման անհրաժեշտության մասին, եթե դատավորների թեկնածությունների ցուցակում առկա թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ բաժնում չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը 2-ով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում՝ 1-ով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.5-րդ մասերով.
«1.1. Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների քանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը 2 թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում՝ 1 թեկնածուով գերազանցող քանակի հաշվարկով:
1.2. Արդարադատության խորհրդի աշխատակազմը ոչ ուշ, քան մինչև սեպտեմբերի 10-ը առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում, հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետ կայքում և դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում հրապարակում է հայտարարություն` դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունման ժամկետները, վայրը, որակավորման գրավոր քննության օրը, համալրման ենթակա տեղերի քանակը՝ ըստ դատավորների թեկնածությունների ցուցակի մասնագիտացման բաժինների:
1.3. Եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հերթական համալրումը ակնհայտ է դառնում, որ դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում առկա անձանց քանակը պակաս է այդ կամ դրան հաջորդող տարվա համար համապատասխան մասնագիտացմամբ դատավորների թափուր տեղերի կանխատեսված քանակից կամ հավասար է այդ քանակին, ապա Դատարանների նախագահների խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժնի արտահերթ համալրման անհրաժեշտության մասին՝ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված քանակով: Եթե դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում առկա անձանց քանակը պակաս է այդ տարվա համար համապատասխան մասնագիտացմամբ դատավորների թափուր տեղերի կանխատեսված քանակից, ապա թափուր մնացող համապատասխան տեղերի քանակը նույնպես ներառվում է սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան կատարվող հաշվարկում: Արտահերթ համալրում չի կարող իրականացվել, եթե մինչև հերթական համալրման համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը մնացել է ոչ ավելի, քան 6 ամիս:
1.4. Դատավորների թեկնածությունների ցուցակը սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված կարգով համալրելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հերթական համալրումը կատարվում է արտահերթ համալրմանը հաջորդող տարվանից:
1.5. Դատավորների թեկնածությունների ցուցակի արտահերթ կարգով համալրումը կատարվում է հերթական համալրման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ արտահերթ համալրման մասին որոշումը կայացնելուն հաջորդող գործողություններում պահպանելով սույն օրենսգրքով հերթական համալրման համար նախատեսված ժամկետների համամասնությունը:».
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Արդարադատության խորհուրդը ոչ ուշ, քան մինչև սեպտեմբերի 30-ը սահմանում և հրապարակում է որակավորման ստուգման գրավոր քննությունների ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները, քննությունների և Արդարադատության խորհրդում հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը, այդ թվում՝ քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու, քննական աշխատանքների ստուգման և միավորների հաշվարկման կարգը, որակավորման ստուգման գնահատման չափորոշիչները, գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասերով.
«3.1. Քննական հարցերի մշակման համար Արդարադատության խորհուրդը ընտրում է համապատասխան մասնագետ (մասնագետներ) կամ մասնագիտացված կազմակերպություն: Քննական հարցերը մշակողը պատասխանատվություն է կրում մինչև որակավորման ստուգման անցկացումը հարցերի գաղտնիության պահպանման համար: Որակավորման ստուգման քննական հարցերի մշակումը չի կարող հանձնարարվել Արդարադատության խորհրդի անդամներին: Համապատասխան որակավորման ստուգման քննական հարցերը մշակած անձինք չեն կարող ընդգրկվել այդ հարցերի հիման վրա որակավորման ստուգման գնահատման հանձնաժողովներում:
3.2. Որակավորման ստուգման անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Արդարադատության խորհրդի աշխատակազմը:».
5) 4-րդ մասի «սույն օրենսգրքի 185-րդ հոդվածի հիման վրա» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով.
6) 5-րդ մասի «Դատական դպրոցի տնօրենին» բառերը փոխարինել «Արդարադատության խորհրդի աշխատակազմ» բառերով.
7) 8-րդ մասի «Դատական դպրոցի կառավարման խորհրդի» բառերը փոխարինել «Արդարադատության խորհրդի» բառերով.
8) 9-12-րդ մասերի «Դատական դպրոցի տնօրեն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Արդարադատության խորհրդի աշխատակազմ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։