Հոդված 7
Հոդված 7
Օտարերկրյա անձնակազմի համար պայմանները
1. Հետևյալ պայմանները տարածվում են Հայաստանում ոչ մշտական ռեզիդենտ չհանդիսացող այն ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր`
ա) աշխատանքներ են իրականացնում Հայաստանում Ավստրիայի կողմից ֆինանսավորվող` զարգացմանն ուղղված համագործակցության ծրագրերի (նախագծերի) շրջանակներում` պայմանով, որ նրանք կամ նրանց գործատուն պայմանագիր ունեն Ավստրիայի հետ.
բ) վերոնշյալ ա պարբերության մեջ թվարկված անձանց ամուսիններն են, նրանց հետ համատեղ բնակվողներ կամ խնամարկյալներ:
2. Տվյալ անձանց վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության օրենքները, եթե երկու Կողմերի միջև այլ բան համաձայնեցված չէ սույն կամ այլ համաձայնագրով:
3. Հայկական կողմը տվյալ անձանց ապահովում է հետևյալով.
ա) վիզայի անհապաղ թույլտվություն և բազմակի մուտքի ու ելքի վիզաների անվճար տրամադրում գործունեության ամբողջ ընթացքում.
բ) ազատ տեղաշարժ երկրի ներսում, ինչպես նաև ծրագրի (նախագծի) իրականացման ամբողջ ընթացքում, ըստ անհրաժեշտության, երկիր մուտք գործելու և այնտեղից հեռանալու իրավունք.
գ) բոլոր անհրաժեշտ թույլտվություններն ու լիցենզիաները, ինչպես, օրինակ, բնակության թույլտվություն, աշխատանքի թույլտվություն, հետազոտություններ կատարելու և մասնագիտական թույլտվություններ, ինչպես նաև ներգաղթի սահմանափակումից ազատում և օտարերկրացիների գրանցում սույն Համաձայնագրով սահմանված ժամանակահատվածում.
դ) ազատում անհատական եկամտահարկից և Ավստրիայի կամ Հայաստանի հետ կնքված պայմանագրի ներքո ծառայություններ մատուցելու կամ ապրանքներ մատակարարելու պատասխանատվություն ստանձնած գործատուի՝ ուղղակիորեն կամ որպես ենթամատակարար, կողմից վճարված վարձատրության նկատմամբ կիրառվող այլ ուղղակի հարկից.
ե) համարժեք հայրենադարձման հնարավորություններ ազգային կամ համաշխարհային ճգնաժամի ժամանակ, ինչպես տրամադրվում է դիվանագիտական առաքելության անդամներին.
զ) ներմուծելու և վերաարտահանելու, առանց մաքսատուրքի և նման այլ գանձումների, մասնագիտական սարքավորումներ և ապրանքներ, որոնց կարիքը անձնակազմն ունի՝ իր ձեռնարկումներն ավարտին հասցնելու համար:
4. Ավելի քան վեց ամիս տևողությամբ աշխատող անձնակազմը երաշխավորվում է հետևյալում.
ա) անձնական կարիքների համար ոչ ռեզիդենտային բանկային հաշիվ Հայաստանում բացելու և օգտագործելու իրավունք. նման հաշիվները չպետք է ենթարկվեն արտարժույթի որևէ վերահսկման կամ Հայաստանի կողմից կիրառվող վճարների, և մնացորդները պետք է ազատորեն փոխարկելի լինեն ցանկացած արժույթի.
բ) ազատում ներմուծման և արտահանման հարկերից, մաքսավճարներից և այլ տուրքերից, վճարներից և ցանկացած այլ նմանատիպ գանձումից, այդ թվում` ԱԱՀ-ից, անձնական և ընտանիքի օգտագործման համար իրերի՝ ներառյալ, բայց չսահմանափակված կենցաղային տեխնիկայի, անձնական օգտագործման և փոխադրամիջոցների նկատմամբ: Այս կերպով ներմուծված իրերը կարող են վաճառվել այլ անձանց, ովքեր իրենք էլ ազատված են հարկերից: Եթե այս կերպով ներմուծված իրերը այլ կերպ են տնօրինվում, ապա համապատասխան հարկումները և (կամ) վճարումները պետք է կատարվեն դրանց մասով:
5. Հայաստանը կարող է դիմել՝ Ավստրիայի կողմից նշանակված անձնակազմի ցանկացած անդամի հետ կանչելու կամ փոխարինելու համար, ում աշխատանքը կամ վարքագիծը համարվում է անբավարար: Ավստրիան կարող է հետ կանչել անձնակազմի ցանկացած անդամի: