Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՅՈԴԻ ՍՂՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բնակչության շրջանում յոդի սղության վիճակների կանխարգելման մասին

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,

ընդունելով յոդի սղության վիճակների կանխարգելման հարցում համագործակցության կարևորությունը,

ելնելով յոդացված աղի և յոդացված սննդամթերքի որակի և անվտանգության, դրանց արտադրության, պահպանման, փոխադրման և իրացման նկատմամբ ազգային պետական հսկողության փոխկապակցված և փոխընդունելի համակարգի շրջանակներում աշխատանքների իրականացման անհրաժեշտությունից,

նշելով Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում բնակչության շրջանում զանգվածային լրատվության միջոցներով յոդի սղության վիճակների կանխարգելման հիմունքների վերաբերյալ ակտիվ քարոզչության իրականացման անհրաժեշտությունը,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

Հ ո դ վ ա ծ 1

Կողմերն իրականացնում են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բնակչության շրջանում յոդի սղության վիճակների կանխարգելման համաձայնեցված քաղաքականություն:

Հ ո դ վ ա ծ 2

Կողմերը, յոդացված մթերքներում յոդի պարունակության հսկողության միասնական մեթոդներ մշակելիս, ինչպես նաև յոդի որոշման սարքավորումներ և սարքեր ստեղծելիս, ապահովում են պետական սանիտարահամաճարակային հսկողության մարմինների կողմից ներկայացվող պահանջների ներդաշնակությունն ու միասնությունը:

Հ ո դ վ ա ծ 3

Կողմերն իրականացնում են համաձայնեցված կազմակերպչական, կանխարգելիչ միջոցառումներ՝ ուղղված բնակչության շրջանում յոդի սղության վիճակների նվազեցմանը:

Հ ո դ վ ա ծ 4

Կողմերը մշակում և ընդունում են յոդացված աղի ու յոդացված մթերքի, յոդ պարունակող պատրաստուկների արտադրությունը, գնումները, իրացումը, դրանց որակի ու անվտանգության հսկողությունը և յոդի սղությամբ պայմանավորված հիվանդությունների նվազեցման այլ եղանակները կարգավորող փոխհամաձայնեցված որոշումներ:

Հ ո դ վ ա ծ 5

Կողմերը փոխանակում են յոդի սղության վիճակների կանխարգելման հարցերի վերաբերյալ նորմատիվ-իրավական փաստաթղթերը, յոդացված աղում և յոդացված մթերքում յոդի պարունակության վերաբերյալ գործող ազգային նորմատիվները, ինչպես նաև յոդացված մթերքի նոր տեսակների, դրանցում յոդի պարունակության նորմատիվների և հսկողության միասնական մեթոդների մշակման փորձը:

Հ ո դ վ ա ծ 6

Կողմերն իրականացնում են յոդի սղությամբ պայմանավորված հիվանդությունների մոնիթորինգի համակարգի մշակում և ներդրում:

Հ ո դ վ ա ծ 7

Կողմերը մշակում և համաձայնեցնում են յոդացված աղի օգտագործման հանձնարարականներ, ինչպես նաև յոդացված մթերք օգտագործելիս սնուցման հանձնարարականներ:

Հ ո դ վ ա ծ 8

Կողմերը յոդացված աղի և յոդացված սննդամթերքի ներկրման նկատմամբ պետական սանիտարահամաճարակային մարմինների կողմից հսկողություն իրականացնելիս ելնում են Կողմերի պետությունների տարածքներում գործող սանիտարական կանոնների ու նորմերի գերակայությունից:

Հ ո դ վ ա ծ 9

Կողմերը սահմանում են, որ ներկրվող յոդացված մթերքի մատակարարման և իրացման համար պարտադիր պայման է դրանց որակը և անվտանգությունը հավաստող արտահանող երկրի ուղեկցող փաստաթղթերի՝ արտադրողի (մատակարարողի) և մատակարարող երկրի պաշտոնապես լիազորված մարմինների սերտիֆիկատների և/կամ սպեցիֆիկացիաների առկայությունը:

Հ ո դ վ ա ծ 10

Ներկրող երկրի ազգային պահանջներին չհամապատասխանող ներկրվող (արտահանվող) յոդացված աղի և յոդացված սննդամթերքի հայտնաբերման դեպքերում, Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ դրանց հետագա իրացումը կանխարգելելու համար: Կողմերի պետական սանիտարահամաճարակային հսկողության մարմինները պետք է օպերատիվ կարգով միմյանց տեղեկացնեն արտադրանքի խոտանման փաստերի մասին և կատարեն անորակ արտադրանքի թողարկման պատճառների հետաքննություն:

Հ ո դ վ ա ծ 11

Սույն Համաձայնագիրը բաց է միանալու համար իրենց մասնակցությունում շահագրգիռ և սույն Համաձայնագրից բխող պարտավորությունները ստանձնելու պատրաստ այլ պետությունների համար՝ ավանդապահին միանալու վերաբերյալ փաստաթղթի փոխանցման միջոցով:

Միացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից տվյալ ծանուցագիրը ստանալու օրից:

Հ ո դ վ ա ծ 12

Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ՝ ձևակերպված առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 15-րդ Հոդվածով նախատեսված կարգով:

Հ ո դ վ ա ծ 13

Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

Հ ո դ վ ա ծ 14

Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում:

Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրն ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակաշրջանով, եթե Կողմերն այլ որոշում չեն ընդունում:

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:

Հ ո դ վ ա ծ 15

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն Կողմերի համար, որոնց օրենսդրությունը պահանջում է Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգի կատարում՝ համապատասխան փաստաթղթերը ավանդապահին հանձնելու օրվանից:

Նման ընթացակարգերի կատարման անհրաժեշտության մասին Կողմերը տեղեկացնում են ավանդապահին սույն Համաձայնագրի ստորագրման օրվանից 3 ամսվա ընթացքում:

Կատարված է Մինսկ քաղաքում 2001 թվականի մայիսի 31-ին մեկ բնօրինակից` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի մարտի 21-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։