Հոդված 7
Հոդված 7.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 52.1-ին հոդվածով.
«Հոդված 52.1. Տեղեկատվական համակարգի հիման վրա հայտնաբերված պարտադիր ապահովագրության պահանջի խախտման գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները
1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների գծով վարչական վարույթն իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով, եթե այլ կարգավորում նախատեսված չէ սույն հոդվածով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործերով վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:
3. Իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցը Տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունն է` տվյալ ժամանակահատվածում ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագրի բացակայության մասին, և տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) շտեմարանում առկա տեղեկատվությունը` ավտոտրանսպորտային միջոցը հաշվառված լինելու մասին:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ապացույցները պահպանվում և վարչական ակտի հասցեատիրոջն են տրամադրվում «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
5. Իրավախախտման հատկանիշների պարզման փուլում վարույթ իրականացնող վարչական մարմինը համադրում է Տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունները և իր տվյալների բազայում առկա տվյալներն ու վեր հանում իրավախախտման հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը:
6. Սույն հոդվածով նախատեսված վարչական վարույթի շրջանակներում արձանագրություն չի կազմվում, իսկ իրավախախտման հատկանիշները հայտնաբերվում, վարչական ակտն ընդունվում և վարչական ակտի հասցեատիրոջն է հանձնվում, ինչպես նաև վարչական ակտի հասցեատիրոջ կողմից վարչական ակտը կատարվում է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված վարչական վարույթի առանձնահատկությունները:
7. Վարչական ակտի հասցեատերն իրավունք ունի չվճարելու կամ պակաս վճարելու նշանակված տուգանքը, եթե վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` 30-օրյա ժամկետում, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում մինչև ենթադրյալ իրավախախտման օրը կնքված և համապատասխան ժամանակահատվածի համար գործող ԱՊՊԱ պայմանագիր:
8. Սույն հոդվածով սահմանված կարգը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումն արձանագրվել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմնի աշխատակցի կողմից համապատասխան ավտոտրանսպորտային միջոցը օրենքով սահմանված կարգով կանգնեցվելու միջոցով` անկախ խախտումը նաև Տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունների հիման վրա հայտնաբերված լինելու հանգամանքից:»: