«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20 հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2001 թվականի N 554
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 251 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 39, 40 և 41-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Գրականության և արվեստի երկերի օգտագործման որոշ տեսակների համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերի մասին» N 251 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման N 1 հավելվածի`
9-րդ կետում «երաժշտության հեղինակին 3 3» տողը փոխարինել «երաժշտության հեղինակին 9 3» տողով,
19-րդ կետում «5` ամբողջ ծրագրի համար» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով` մեկ տարվա համար» բառերով,
23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«23. Սրճարաններում, ռեստորաններում, բարերում, պարահրապարակներում, ակումբներում, ցուցահանդեսներում, այլ հասարակական վայրերում տեքստով կամ առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունների օգտագործման համար նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով` մեկ տարվա համար».
24-րդ և 25-րդ կետերում «կատարելու» և «համախառն եկամտից» բառերը համապատասխանաբար փոխարինել «օգտագործելու» և «առևտրային գործունեությունից ստացված հասույթից» բառերով.
բ) որոշման 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) մեխանիկական ձայնագրության միջոցով ստեղծագործությունները վերարտադրելու, ձայնագրության օրինակները և տեսալսողական ստեղծագործությունները վարձույթով տալու համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի».
գ) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է).
դ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը:
2. Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքների ազգային գործակալությանը`
ա) մինչև 2001 թվականի հուլիսի 1-ը հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող «Հայհեղինակ» ընկերություն» հասարակական կազմակերպությանը փոխանցել գործակալությունում գոյություն ունեցող տվյալների բազան` հեղինակներին հասանելիք հոնորարների հավաքման, հաշվարկման, բաշխման և վճարման մասերով (քարտադարաններ, հեղինակների անձնական գործեր, ի պահ հանձնված ստեղծագործություններ և այլն)
բ) մինչև 2002 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն գործակալության կանոնադրության մեջ, կառուցվածքում և աշխատողների թվում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 20-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2001 թվականի
ապրիլի 22-ի N 251 որոշման
ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼՈՒ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՐՁՈՒՅԹՈՎ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
NN
ը/կ Ստեղծագործության օգտագործման տեսակը Հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը (տոկոս)
1. Մեխանիկական ձայնագրության միջոցով ստեղծագործությունների վերարտադրություն 10` յուրաքանչյուր օրինակի բացթողման գնից, անկախ կրիչի վրա գրանցված ստեղծագործությունների թվից
2. Ձայնագրության օրինակների պատրաստում` անհատական պատվերով 10` օրինակների պատրաստման համար ստացված գումարից
3. Ձայնագրության օրինակը կամ տեսալսողական ստեղծագործությունը վարձույթով տալը 6` ստեղծագործության յուրաքանչյուր վարձույթից ստացված գումարից
Ծանոթագրություն: Հեղինակային վարձատրության վճարողներ են այն իրավաբանական և ֆիզիկական անձինք (անկախ կազմակերպական-իրավական տեսակից), ովքեր իրականացնում են ստեղծագործությունների (մեխանիկական) ձայնագրության միջոցով վերարտադրություն, վերարտադրված օրինակը կամ տեսալսողական ստեղծագործությունը տալիս են վարձույթով` բացառությամբ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-18-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան