Հոդված 146. Վարչական դատարան դիմելը և հայցադիմումը քննելու ժամկետները
Հոդված 146. Վարչական դատարան դիմելը և հայցադիմումը քննելու ժամկետները
1. Հայցադիմումը դատարան կարող է ներկայացվել օրացուցային 3 օրվա ընթացքում այն օրվանից, երբ հայցվորն իմացել է կամ ողջամտորեն պարտավոր էր իմանալ իր ընտրական իրավունքի խախտման մասին:
2. Ընտրական հանձնաժողովների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի նկատմամբ հսկողություն իրականացնելու հետ կապված հայցադիմումներ կարող են ներկայացվել նախընտրական քարոզչությունը սկսվելու օրվանից մինչև քվեարկության հաջորդ օրը ներառյալ: Այդ դիմումները քննվում են օրացուցային հինգ օրվա ընթացքում, իսկ՝
1) քվեարկության օրվանից հինգից երկու օրացուցային օր առաջ ներկայացված հայցադիմումները՝ մինչև քվեարկության օրը.
2) քվեարկության օրը, դրան նախորդող կամ հաջորդող օրը ներկայացված հայցադիմումները՝ ոչ ուշ, քան ընտրությունների արդյունքների ամփոփման` օրենքով սահմանված վերջնաժամկետի նախորդ օրը:
3. Ընտրողների և հանրաքվեի մասնակիցների ցուցակներում ուղղումներ կատարելու վերաբերյալ հայցադիմումները կարող են ներկայացվել ցանկացած ժամանակ: Այդ հայցադիմումները քննվում են 3-օրյա ժամկետում, իսկ քվեարկության և դրան նախորդող օրացուցային 3 օրվա ընթացքում ներկայացված հայցադիմումները քննվում և լուծվում են անհապաղ:
4. Ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ հայցադիմումները պետք է քննվեն և լուծվեն ոչ ուշ, քան հայցադիմումները ստանալուց հետո` օրացուցային 7 օրվա ընթացքում:
5. Թեկնածուներին, կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելու, գրանցումն ուժ կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմումները դատարանը քննում և լուծում է հայցադիմումն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը:
6. Եթե սույն օրենսգրքով գործի քննության և լուծման համար այլ ժամկետ սահմանված չէ, ապա ընտրությունների և հանրաքվեների ժամանակ (ընտրությունների, հանրաքվեների նշանակման օրվանից մինչև ընտրությունների, հանրաքվեների արդյունքների ամփոփման ժամանակահատվածը) դատարանը հայցադիմումը քննում և լուծում է 7-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև քվեարկության օրը, իսկ ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում` 15-օրյա ժամկետում։
7. Սույն հոդվածով սահմանված հատուկ ժամկետների հաշվառմամբ դատավորը նման գործեր քննելիս պետք է ձգտի գործի քննությունն իրականացնել այնպիսի ժամկետում, որ չխաթարվեն հետագա ընտրական գործընթացները: