Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-01-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏ

Հոդված 24. Երեխայի խնամքի նպաստի տրամադրման կարգն ու չափը

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 24. Երեխայի խնամքի նպաստի տրամադրման կարգն ու չափը

1. Երեխայի խնամքի նպաստի համար ծնողը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

ա) դիմում.

բ) երեխայի ծննդյան վկայականի պատճենը.

գ) տեղեկանք բնակության վայրից.

դ) տեղեկանք աշխատավայրից իր` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին.

ե) ծնողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

զ) երեխայի և ծնողի սոցիալական ապահովության քարտը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք:

2. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է իրավունքը ծագելու ամսվան հաջորդող ամսվա մեկից, եթե ծնողը դիմել է ոչ ուշ, քան իրավունքը ծագելուց հետո՝ տասներկու ամսվա ընթացքում:

3. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա մեկից, եթե ծնողը դիմել է իրավունքը ծագելուց հետո՝ տասներկու ամիս անց: Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից:

4. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի համար:

5. Երեխայի խնամքի նպաստը նշանակելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, տարածքային մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է համապատասխան գործատուին:

6. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալու ժամանակահատվածում աշխատանքի ներկայանալուց կամ աշխատանքից ազատվելուց հետո` 15 օրվա ընթացքում, գործատուն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է համապատասխան տարածքային մարմին:

7. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է մինչև ընթացիկ տարվա վերջը և շարունակվում է երեխայի խնամքի նպաստի վճարումը հաջորդ տարի, եթե ծնողը մինչև հաջորդ տարվա վերջը կրկին ներկայացնում է տեղեկանք բնակության վայրից և աշխատավայրից:

8. Նշանակված, սակայն երեխայի խնամքի չվճարված նպաստը ծնողին վճարվում է միանվագ` նպաստը չստանալու ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան դիմելուն նախորդած մեկ տարվա համար:

9. Նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում մինչև նրա մահը չստացած նպաստի գումարը վճարվում է սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված անձին, եթե նպաստը ստանալու համար նա դիմել է ոչ ուշ, քան նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:

10. Երեխայի խնամքի նպաստի վճարումը դադարեցվում է՝

ա) երեխայի 2 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,

բ) երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու,

գ) ծնողի աշխատանքի վերադառնալու,

դ) ծնողի աշխատանքից ազատվելու,

ե) երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու,

զ) երեխայի մահվան դեպքերում` համապատասխան հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա մեկից:

11. Երեխայի խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(24-րդ հոդվածը փոփ. 22.02.07 ՀՕ-105-Ն, փոփ., լրաց. 04.12.07 ՀՕ-284-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։