Հոդված 9. Անցումային դրույթներ
Հոդված 9. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը, պաշտոնատար անձին (պաշտոնատար անձի ընտանիքի անդամին) նշանակված կենսաթոշակները հաշվարկվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով: Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված (հաշվարկված) կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը շարունակվում է վճարվել նախկին չափով:
2. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության հետևանքով զոհվածների այրիներին սույն օրենքով կենսաթոշակ է նշանակվում՝ անկախ նրանց տարիքից: Կենսաթոշակի իրենց բաժնեմասն առանձնացնելիս զոհվածների այրիներին վճարվում է նշանակված կենսաթոշակի 70 տոկոսը:
3. 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում կենսաթոշակ է նշանակվում նաև մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը`
1) «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով դատախազի պաշտոնից ազատված անձին, եթե նա ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը.
2) «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերով հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատված անձին:
Սույն մասով սահմանված մասնագիտական աշխատանքային ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում դատախազի (մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը՝ դատախազի տեղակալի, դատախազի օգնականի և դատախազության գիտաուսումնական հաստատությունների՝ դասային աստիճան շնորհված աշխատողների), քննիչի (ներառյալ՝ մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը՝ դատախազության քննիչի, քննչական վարչության, բաժնի կամ բաժանմունքի պետի, պետի տեղակալի), հատուկ քննչական ծառայության ծառայողի, ԽՍՀՄ դատախազության համակարգում դատախազի և քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածը, Հայաստանի Հանրապետությունում և ԽՍՀՄ-ում դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը:
Սույն մասով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկվում է հաշվարկային աշխատավարձի 70 տոկոսի չափով. 20 տարուց ավելի մասնագիտական աշխատանքային ստաժի յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է հաշվարկային աշխատավարձի 2 տոկոսը, իսկ մինչև դատախազի պաշտոն զբաղեցնելը աշխատած և մասնագիտական աշխատանքային ստաժում չհաշվառվող յուրաքանչյուր տարվա համար` մեկ տոկոսը: Սույն մասով սահմանված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել հաշվարկային աշխատավարձի չափը:
Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է դատախազի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դատախազի, դատավորի, դատախազության քննիչի պաշտոնում աշխատած տարիների համար տրվող հավելավճարի հանրագումարի) 90 տոկոսի չափով՝ հաշվի առնելով վերջին պաշտոնը, դասային աստիճանը և դատախազի, դատավորի, դատախազության քննիչի պաշտոնում աշխատած տարիները դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:
Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հատուկ քննչական ծառայության ծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի, դասային աստիճանի համար տրվող հավելման և հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած տարիների համար տրվող հավելման հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով՝ հաշվի առնելով վերջին պաշտոնը, դասային աստիճանը և հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած տարիները հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:
Հաշվարկային աշխատավարձը հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սահմանադրական դատարանի անդամի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամին, դատավորին, դատախազին, հատուկ քննչական ծառայության ծառայողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված կենսաթոշակները, սույն օրենքի 9-րդ հոդվածով նշանակված կենսաթոշակները համարվում են սույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն նշանակված կենսաթոշակներ և հաշվարկվում են սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հաշվի առնելով հիմնական կենսաթոշակի չափը, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված գործակիցը և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը:
Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին (սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված) չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին (սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված) չափով:
5. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամին, դատավորին, դատախազին, հատուկ քննչական ծառայության ծառայողին կենսաթոշակը նշանակվել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակը նշանակվել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, և կենսաթոշակ նշանակելուց հետո նա անցել է զինվորական ծառայության, նշանակվել է քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի կամ դատավորի պաշտոնում:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2014 թ. փետրվարի 13
Երևան
ՀՕ-1-Ն