Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1087.2-րդ հոդվածով.
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1087.2-րդ հոդվածով.
«Հոդված 1087.2. Կոնվենցիոն իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգը և պայմանները
1. Կոնվենցիոն իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման եղանակը, հիմքը և չափը որոշվում են սույն հոդվածին և սույն օրենսգրքի 162.1 հոդվածին համապատասխան:
2. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ հատուցման ենթակա գույքային վնասից:
3. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից:
4. Ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
5. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան:
6. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ:
7. Հատուցման չափը չի կարող գերազանցել`
1) նվազագույն աշխատավարձի հազարապատիկը` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 2 կամ 3 հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտման պարագայում, ինչպես նաև սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում.
2) նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 5 հոդվածով երաշխավորված իրավունքի խախտման պարագայում:
8. Ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսած առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ:
9. Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը կարող է ներկայացվել սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:»: