Հոդված 10. Աշխատավարձի բնականոն աճը
Հոդված 10. Աշխատավարձի բնականոն աճը
1. Քաղաքացիական ծառայության միևնույն պաշտոնում քաղաքացիական ծառայողի անընդմեջ աշխատանքի համար սահմանվում է աշխատավարձի բնականոն աճ` աշխատավարձի համապատասխան սանդղակի պաշտոնային դրույքաչափի նվազագույն մեծությունից առավելագույնը, եթե քաղաքացիական ծառայողի միևնույն պաշտոնում աշխատանքի ընդմիջումը չի գերազանցում վեց ամիսը:
2. Աշխատավարձի բնականոն աճը յուրաքանչյուր սանդղակի ներսում իրականացվում է աղյուսակի համաձայն, հետևյալ սխեմայով.
1) աշխատավարձի 1-4-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ միավոր ավելացում տարին մեկ անգամ.
2) աշխատավարձի 5-7-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ միավոր ավելացում յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ.
3) աշխատավարձի 8-10-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ միավոր ավելացում յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ.
4) աշխատավարձի 11-րդ մակարդակից աշխատավարձը մնում է անփոփոխ:
3. Տվյալ պաշտոնում քաղաքացիական ծառայողի աշխատավարձի բնականոն աճը կիրառվում է քաղաքացիական ծառայողի հիմնական աշխատավարձի գործող մակարդակի նկատմամբ:
Քաղաքացիական ծառայողների աշխատավարձի հերթական միավոր ավելացման ժամանակ հաշվի են առնվում նաև նրանց ծառայողական գործունեության գնահատման արդյունքները:
4. Երեք տարի անընդմեջ ծառայողական գործունեության պահանջները գերազանցող արդյունքների համար տրվում է աշխատավարձի արագացված աճ` երկու միավոր ավելացման չափով, սակայն ոչ շուտ, քան նախորդ արագացված աճից հինգ տարի անց: Աշխատավարձի արագացված աճի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Քաղաքացիական ծառայողի աշխատավարձի հերթական միավոր ավելացումն իրականացվում է այդ իրավունքի ծագմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից: Սույն օրենքով նախատեսված աշխատավարձի հերթական միավոր ավելացումն ստանում են այն քաղաքացիական ծառայողները, ովքեր տվյալ պաշտոնում հունվարի 1-ի դրությամբ ունեն ավելի, քան վեց ամսվա ստաժ, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Քաղաքացիական ծառայողների համար, ովքեր հունվարի 1-ի դրությամբ տվյալ պաշտոնում ունեն վեց ամսից պակաս ստաժ, աշխատավարձի հերթական ավելացումն իրականացվում է հաջորդ տարվա հունվարի 1-ից:
(10-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-185-Ն)