Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
աշխատավարձի սանդղակ` քաղաքացիական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության (այսուհետ` քաղաքացիական ծառայություն) պաշտոնների որևէ ենթախմբի համար աշխատավարձի մակարդակների (դրույքաչափերի) շարք` նվազագույն մեծությունից առավելագույնը.
աշխատավարձի մակարդակ` պաշտոնային դրույքաչափի հերթական դիրք, որին համապատասխանում է բազային աշխատավարձի նկատմամբ սահմանված գործակիցը.
բազային աշխատավարձ (բազային պաշտոնային դրույքաչափ)` քաղաքացիական ծառայողների հիմնական աշխատավարձի օրենքով սահմանված նվազագույն չափ.
գործակից` քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում քաղաքացիական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշելու համար բազային աշխատավարձն այդ թվով բազմապատկելու համար սահմանված մեծություն.
հիմնական աշխատավարձ` պաշտոնային դրույքաչափ, որը որոշվում է քաղաքացիական ծառայության պաշտոնի ենթախմբում քաղաքացիական ծառայողի ստաժին համապատասխանող գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալի միջոցով.
աշխատավարձի բնականոն աճ` քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում ծառայության ստաժի վրա հիմնված վերընթաց շարժում` համապատասխան ենթախմբի աշխատավարձի սանդղակով.
միավոր ավելացում (աճ)` աշխատավարձի սանդղակում պաշտոնային դրույքաչափերի հերթական ավելացման համար սահմանված տոկոսային աճ.
աշխատավարձի վերանայում` սույն օրենքով սահմանված կարգով բազային դրույքաչափի բարձրացման կամ աշխատավարձի սանդղակների կառուցվածքի, գործակիցների կամ դրանց միջև գոյություն ունեցող հարաբերակցությունների փոփոխության արդյունքում` հիմնական աշխատավարձի բոլոր դրույքաչափերում իրականացվող համարժեք փոփոխություններ.
հավելում` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հատուկ պայմաններում աշխատելու դեպքում տոկոսային ավելացում.
հավելավճար` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային ավելացում, որը սահմանված է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար.
պարգևատրում` միանվագ վճար, որը տրվում է քաղաքացիական ծառայողին` հիմք ընդունելով նրա` տվյալ տարվա ծառայողական գործունեության կամ հատուկ առաջադրանքների վերաբերյալ անմիջական ղեկավարի եզրակացությունը կամ կատարողականի արդյունքները.
միևնույն պաշտոն` քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված նույն ենթախմբի պաշտոններ.
հատուկ առաջադրանք` արտակարգ իրավիճակների վերացմանը, անվտանգության ապահովությանն ուղղված կամ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ տարվող աշխատանք:
(2-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-185-Ն, լրաց., խմբ. 07.10.09 ՀՕ-182-Ն, լրաց. 02.03.11 ՀՕ-64-Ն)