Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՎ, ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2014 թվականի N 774-Ն

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՎ, ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների ընդունման, հաշվառման, տեղաբաշխման, ժամանակավոր կացարաններով, կենսագործունեության և բժշկական ապահովման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների կացարաններում կազմակերպվող բուժկետում անհրաժեշտ իրերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. օգոստոսի 7

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 10-ի N 774-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՎ, ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են ռազմական գործողությունների և արտակարգ իրավիճակների հետևանքով զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների ընդունման, հաշվառման, ժամանակավոր տեղաբաշխման, կենսագործունեության և բժշկական ապահովման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) զանգվածային տեղաշարժված բնակչություն` ռազմական գործողությունների, արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ ծագման հետևանքով Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող և (կամ) Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձանց և (կամ) փախստականների հարկադրված տեղաշարժն է իրենց մշտական կամ ժամանակավոր բնակության վայրերից.

2) զանգվածային տեղաշարժված բնակչության կենսագործունեության ապահովում` միջոցառումների համալիր` ուղղված արտակարգ իրավիճակների գոտիներում, բնակչության զանգվածային տեղաշարժի երթուղիներում և տեղաբաշխման վայրերում մարդկանց կյանքի և առողջության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը և պահպանմանն արտակարգ իրավիճակների պայմանների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 824-Ն որոշմամբ սահմանված նորմերին և նորմատիվներին համապատասխան.

3) զանգվածային տեղաշարժված բնակչության բժշկական ապահովում` առողջապահության մարմինների կողմից իրականացված կազմակերպչական, բուժական, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների համալիր` ուղղված զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների առողջության ապահովմանը, զանգվածային տեղաշարժի ընթացքում վնասվածքներ ստացողներին և հիվանդներին ժամանակին բժշկական օգնության ցուցաբերմանը, ինչպես նաև զանգվածային ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելմանը.

4) տեղաբաշխում` բնակչության տեղավորումն է տարածքի որոշակի վայրերում, որոնք ունեն մարդկանց կյանքի և գործունեության համար անհրաժեշտ շենքեր ու շինություններ.

5) ժամանակավոր կացարան՝ զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների կենսաապահովման, տեղակայման համար նախատեսված բնակելի օբյեկտ (տարածք).

6) ընդունման հավաքակայան՝ հավաքատեղի, որտեղ կատարվում են զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների ընդունումը, հաշվառումը և բաշխումը՝ ըստ ժամանակավոր կացարանների.

7) տարահանման հանձնաժողով` նշանակված կազմ, որը կազմակերպում ու ղեկավարում է տվյալ տարածքի բնակչության, այդ թվում` փախստականների զանգվածային տեղաշարժի միջոցառումները.

8) բնակչության զանգվածային տեղաշարժ` արտակարգ իրավիճակներում վտանգավոր տարածքներից բնակչության, այդ թվում` փախստականների կազմակերպված տեղաշարժ (դուրսբերում) և ժամանակավոր տեղաբաշխում՝ կենսաապահովման համար նախապես պատրաստված անվտանգ տարածքներում:

3. Բնակչության, այդ թվում` Հայաստանի Հանրապետություն մուտք գործող փախստականների զանգվածային տեղաշարժն իրականացվում է այնպիսի արտակարգ իրավիճակների առաջացման կամ անմիջական սպառնալիքի դեպքում, որի հետևանքով որոշակի տարածքներում (բնակավայրերում, օբյեկտներում) կարող են առաջանալ մարդկանց կյանքի և կենսագործունեության բնականոն պայմանների վրա բացասաբար ազդող գործոններ։

4. Անօթևան բնակչության ընդունման և տեղաբաշխման միջոցառումների լիարժեք իրականացման նպատակով ստեղծվում են ժամանակավոր կացարաններ, որտեղ հնարավոր է բնակչության համակողմանի կենսագործունեության ապահովումը:

5. Բնակավայրում կարող է ստեղծվել մեկ կամ ավելի ժամանակավոր կացարաններ, հնարավոր առավելագույն թվով մարդկանց սպասարկման սկզբունքով: Ժամանակավոր կացարանների համար կարող են օգտագործվել կինոթատրոնները, ակումբները, ուսումնական հաստատությունները, հյուրանոցները, հանրակացարանները, առողջարանները, նախաբուժարանները, հանգստյան տները, տուրիստական բազաները և այլ շինություններ (անկախ սեփականության ձևից), ինչպես նաև վրանային ավանները, իսկ անհրաժեշտ գույքը կարող է օրենքով սահմանված պայմաններում ու կարգով, պետական մարմինների որոշմամբ, վերցվել սեփականատիրոջից` ի շահ հասարակության` դրա արժեքը վճարելու պայմանով` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 285-րդ հոդվածի պահանջների:

6. Ժամանակավոր կացարանները ընտրվում են նախօրոք` ելնելով արտակարգ իրավիճակների ժամանակ առաջացող հնարավոր իրավիճակներից` զանգվածային տեղաշարժված բնակչության համար անհրաժեշտ կոմունալ-կենցաղային պայմանների ապահովման սկզբունքով:

7. Ժամանակավոր կացարանները գործում են մինչև զանգվածային տեղաշարժված բնակչությանը մշտական բնակության վայրերով ապահովումը:

II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

8. Բնակչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետություն մուտք գործած անձինք և (կամ) փախստականները, կարող են տեղաշարժվել հետիոտն շարասյուներով կամ տրանսպորտային միջոցներով՝ ավտոշարասյուներով, երկաթուղային շարժակազմերով և ջրային տրանսպորտով:

9. Այն դեպքերում, երբ զանգվածային տեղաշարժի համար ճանապարհները դժվար անցանելի կամ անանցանելի են, կարող են օգտագործվել նաև օդային տրանսպորտային միջոցներ:

10. Զանգվածային տեղաշարժի համար տրամադրվող տրանսպորտային միջոցների հատկացումն ու վառելիքաքսուքային նյութերով ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

III. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

11. Արտակարգ իրավիճակների դեպքում բնակչության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձանց և (կամ) փախստականների զանգվածային տեղաշարժի մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

12. Արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության, այդ թվում` փախստականների զանգվածային տեղաշարժի մասին որոշում են ընդունում հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները` իրենց համակարգի աշխատողների համար, Հայաստանի Հանրապետության մարզպետները` մարզի բնակչության համար, համայնքի ղեկավարները` համայնքի բնակչության համար և կազմակերպությունների ղեկավարները` կազմակերպության աշխատողների համար, իսկ նրանց բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` նրանց փոխարինող անձինք: Որոշում ընդունող պաշտոնատար անձը պարտավոր է որոշումից բխող միջոցառումների կատարման վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն լիազորված մարմնին՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն (ճգնաժամային կառավարման կենտրոնին):

13. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների վերացման աշխատանքների ղեկավարը` յուրաքանչյուրն իր մասով (հանրապետական գործադիր մարմնի, տարածքային կառավարման մարմնի, համայնքի և կազմակերպության ղեկավարը) իրավունք ունի ինքնուրույն որոշում ընդունելու վտանգավոր տարածքից բնակչությանն անվտանգ վայր տեղափոխելու վերաբերյալ:

IV. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

14. Բնակչության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձանց և (կամ) փախստականների զանգվածային տեղաշարժի կազմակերպումը, տեղաշարժված բնակչության տեղաբաշխումը ու բազմակողմանի կենսաապահովումն իրականացնում են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները` տարահանման հանձնաժողովների միջոցով:

15. Տարահանման հանձնաժողովները նախապես որոշում և զանգվածային տեղաշարժի միջոցառումներին մասնակցող կազմակերպություններին տեղեկացնում են զանգվածային տեղաշարժն իրականացնող մարմինների, տարահանման և ընդունման հավաքակայանների, ժամանակավոր կացարանների գտնվելու վայրի մասին: Տեղի բնակչությունն ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկացվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1925-Ն որոշման:

16. Տարահանման հանձնաժողովներն ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1180-Ն որոշմամբ սահմանված կարգով:

17. Զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների, Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու հավանական բոլոր անցակետերում Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքը թույլատրող լիազոր մարմինը կազմակերպում է ծառայություն, առանձնացնում է աշխատող (աշխատողներ)՝ նշված անձանց հաշվառման (ընտանիքի անդամների վերաբերյալ տվյալների ճշգրտման, սոցիալական վիճակի հստակեցման) իրականացման, տեղեկատվության ամփոփման և Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համապատասխան մարմիններ փոխանցման համար:

18. Զանգվածային տեղաշարժված բնակչությանը սահմանային կետերից դեպի Հայաստանի Հանրապետության բնակավայրեր տեղափոխելու համար տրամադրվում են տրանսպորտային միջոցներ:

V. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

19. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուժերն իրականացնում են զանգվածային տեղաշարժի երթուղիների անցանելիության և տարահանված բնակավայրերում (տարածքներում) ու օբյեկտներում մնացած գույքի պահպանության միջոցառումները:

20. Զանգվածային տեղաշարժի միջոցառումների ապահովումն իրականացվում է հանրապետական գործադիր մարմինների, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության ծառայությունների միջոցով:

21. Զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների կենսաապահովումը տեղաբաշխման տեղամասերում իրականացվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 824-Ն որոշման:

22. Զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների բժշկական ապահովումը ներառում է առողջապահական կազմակերպությունների կողմից անցկացվող կազմակերպական, բուժական, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ:

23. Բժշկական ապահովման միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և այլ պետական մարմինների ենթակայության տակ գտնվող բուժհիմնարկների ուժերով և միջոցներով:

24. Բնակչության տարահանման (ընդունման) հավաքակայաններում, ժամանակավոր կացարաններում, զանգվածային տեղաշարժի երթուղիներում տեղաշարժվածների բուժօգնությունն իրականացվում է բժշկական կազմակերպությունների կողմից՝ անկախ սեփականության ձևից, սեփական միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հետագա համարժեք փոխհատուցմամբ՝ «Բնակչության բժշական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

25. Տարահանված բժշկական հիմնարկները տեղաբաշխվում են համաձայն իրենց պլանների:

26. Զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների բժշկական ապահովումը, իրականացվում է հետևյալ սկզբունքներով`

1) հարկադիր տեղաշարժվածները ժամանակավորապես կենտրոնացվում են ոչ մեծ կացարաններում կամ բնակավայրերին հարակից տարածքներում.

2) հարկադիր տեղաշարժվածները տեղաբաշխվում են տվյալ մարզի անվտանգ տարածքներում.

3) հարկադիր տեղաշարժվածների բժշկական ապահովումն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է կազմակերպել ժամանակավոր կացարաններում բժշկական կետեր` առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով` օգտագործելով տվյալ տարածաշրջանի գործող բժշկական կազմակերպությունների բազային հնարավորությունները: Կացարաններում կազմակերպվող բժշկական կետերը պետք է ապահովվեն անհրաժեշտ դեղամիջոցներով, բժշկական գույքով և սարքավորումներով: Կազմակերպվող բուժկետերը (բնակչության 3000-3500 թվի հաշվարկով) համալրվում են հետևյալ անձնակազմով` վիրաբույժ, թերապևտ, մանկաբույժ, մանկաբարձ-գինեկոլոգ, ատամնաբույժ, հոգեթերապևտ: Անհրաժեշտության դեպքում, կարող են ներգրավվել մոտակա բնակավայրից ընտանեկան բժիշկ, բուժքույրեր, սանիտարահակահամաճարակային անվտանգությունն ապահովելու համար կացարաններում նախատեսվում է նաև շարժական հակահամաճարակային խումբ, որի կազմում ընդգրկվում է բժիշկ-համաճարակաբան, բժիշկ-համաճարակաբանի օգնական: Առանձին դեպքերում նրանց կազմում կարող են ընդգրկվել բժիշկ-հիգիենիստ, բժիշկ-վարակաբան, լաբորանտներ.

4) կացարաններում բուժկետերի համար նախատեսվում են 4-5 վրան, որոնցից 2-ը օգտագործվում է որպես լազարեթ.

5) բուժկետերում շաբաթական 1-2 անգամ հրավիրվում են հիվանդանոցների բժիշկ մասնագետներ, որոնց հիմնական նպատակը կլինի կոնսուլտացիաների միջոցով հայտնաբերել հիվանդների, որոնք կուղարկվեն ստացիոնար հետազոտման և բուժման հիվանդանոցներում կամ այլ բուժկանխարգելիչ կազմակերպություններ.

6) ստացիոնար բուժման կարիք ունեցող անձանց տեղափոխում են տվյալ մարզի, տարածաշրջանի բուժկազմակերպություն, որտեղ տեղաբաշխված է կացարանը.

7) հարկադիր տեղաշարժվածների բնակության տարածքը պետք է ապահովված լինի բնակչության համար անհրաժեշտ կենսապայմաններով և համապատասխանի հետևյալ պահանջներին`

ա. ունենա գրունտային ջրերի ցածր քանակություն (աստիճան),

բ. արևային լավ լուսավորվածություն և օդափոխության հնարավորություն,

գ. կացարանը տեղակայվի հնարավորինս սննդային և ջրային աղբյուրների մոտակայքում, հոսանքի և ջեռուցման անցկացման ուղիների մոտ,

դ. կացարանը պետք է տեղակայվի վարակիչ հիվանդությունների բնական օջախներից դուրս, որտեղ մեծ են համաճարակային և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների ռիսկերը, ինչպես նաև հնարավոր սահքերը, սելավները, ձնահոսքի վտանգը, խմելու ջրի սանիտարական պահպանման գոտիներից դուրս, հրաձգարաններից, արտադրական թափոնների գերեզմանոցներից դուրս.

8) ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ` զանգվածային տեղաշարժված բնակչության շրջանում վարակները կանխելու համար: Անհրաժեշտության դեպքում, զանգվածային տեղաշարժված բնակչության համար կազմակերպվող կացարաններում և բնակատեղիներում ստեղծվում են շարժական սանիտարական մշակման կետեր, իսկ դեղորայքային սպասարկումն իրականացվում է արտակարգ իրավիճակներում գործող կանոններով` օգտագործելով նաև Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության բուժգույքի պահուստային հնարավորությունը.

9) զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների այն մասը, ովքեր բնակություն կհաստատեն բարեկամների մոտ կամ բնակավայրերի հանրակացարաններում, նրանց բուժսպասարկումն իրականացվում է ըստ տարածքային պոլիկլինիկաների կամ բուժկազմակերպությունների:

27. Զանգվածային տեղաշարժված բնակչության, այդ թվում` փախստականների կացարաններում կազմակերպվող բուժկետերի քանակը պայմանավորվում է կենտրոնացման վայրի բնակչության թվով: Ներկայացված բուժկետի նորմատիվները հաշվարկված են 3000-3500 բնակչի համար և ներառում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 10-ի N 774-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ցանկում նախատեսված իրերը:

28. Զանգվածային տեղաշարժերի ժամանակ յուրաքանչյուր 1000 բնակչի կարող են ուղեկցել 1 սանիտարական մեքենա, 2-3 բժիշկ և 5-6 բուժքույր մինչև ժամանակավոր կացարան, որտեղ կազմակերպվում են բուժկետեր:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 10-ի N 774-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԲՈՒԺԿԵՏՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՐԵՐԻ

NN

ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը

1. Անհետաձգելի բուժօգնության պահարան հատ 1

2. Հավաքածու` բուժկետից դուրս (ճամպրուկ) անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար հավաքածու 1

3. Դեղամիջոցների պահպանման պահարան հատ 1

4. Անհատական շնչառության սարք (պոլինարկոն) հատ 1

5. Թթվածնի տարողություն` 40 լ ռեդուկտորով, բանալիով և խոնավացած թթվածնի ներարկման համակարգով հավաքածու 1

6. Ճնշաչափ` զարկերակային ճնշման չափման համար (տոնոմետր) հատ 1

7. Ֆոնենդոսկոպ հատ 1

8. Մկրատ` կոճակով վիրակապերը կտրելու համար հատ 1

9. Մանրէազերծիչ (ստերիլիզատոր)` փոքր, միջին, մեծ հատ 1

10. Մանրէազերծված միանգամյա ներարկիչ, ներարկիչ` ինսուլինային, ներարկիչ` 2.5, 10, 20 մլ հատ

հատ 100

100

100

11. Ինյեկցիոն ասեղներ` միանգամյա ներարկիչների համար հատ 10

12. Տակառաձև թաս հատ 1

13. Բժշկական ջերմաչափ հատ 5

14. Հիվանդների զննման բժշկական բազմոց հատ 1

15. Էլեկտրական ջեռուցիչ հատ 1

16. Հիվանդի մահճակալ հատ 4

17. Սառնարան հատ 1

18. Վիրակապական գործիքների հավաքածու հատ 1

19. Մանրէազերծող, չորացնող պահարան հատ 1

20. Վիրակապական սեղան հատ 1

21. Սանիտարական մեքենա հատ 1

22. Վերին և ստորին վերջույթների անշարժացման շինաների (բիզ) հավաքածու հավաքածու 2

23. Դեղեր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։