Հոդված 28
Հոդված 28.
Հարկ վճարողի, բացառությամբ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողի, կողմից սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող «Հավելված 4»-ով սահմանված կարգի խախտման` անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների (այսուհետ` ապրանքների) տեղափոխման կամ առաքման կամ առաքվող կամ տեղափոխվող ապրանքն ուղեկցող փաստաթուղթը սահմանված կարգով չգրանցելու դեպքում խախտման հիմք հանդիսացող գործարքի կամ գործողության մասով գանձվում է տուգանք անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս երկու հարյուր հազար դրամից:
Սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում խախտման`
1) երկրորդ փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից.
2) երրորդ և ավելի փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 200 տոկոսի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից:
Սույն հոդվածի կիրառման իմաստով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման շրջանակներում կատարված գործարքը կամ գործողությունը համարվում է խախտման հիմք, եթե հարկային մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել է, որ`
1) գործարքը կամ գործողությունը կատարվում է առանց սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող «Հավելված 4»-ով սահմանված վավերապայմաններին բավարարող ուղեկցող փաստաթղթերի կամ
2) առկա է գործարքի կամ գործողության գծով ուղեկցող փաստաթուղթը, որը, սակայն, սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող «Հավելված 4»-ով սահմանված կարգով գրանցված չէ:
Սույն հոդվածի կիրառության իմաստով`
1) շրջանառության հարկ վճարողի կողմից վերադաս հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձևով ու կարգով (էլեկտրոնային կամ թղթային եղանակով) հարկային մարմին ներկայացված հայտարարագրում ներառված կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալները դիտարկվում են ապրանք առաքող կամ տեղափոխող հարկ վճարողի կողմից անփաստաթուղթ ապրանքի առաքման կամ տեղափոխման դեպքեր, եթե ապրանք առաքող կամ տեղափոխող նույն հարկ վճարողի մոտ հետագայում օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում արձանագրվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 4-րդ հավելվածով սահմանված կարգի խախտումներ.
2) ապրանք առաքող կամ տեղափոխող հարկ վճարողի համար անփաստաթուղթ ապրանքի առաքման կամ տեղափոխման դեպք է համարվում նաև այն դեպքը, երբ երեք տարբեր շրջանառության հարկ վճարողների կողմից վերադաս հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձևով ու կարգով (էլեկտրոնային կամ թղթային եղանակով) հարկային մարմին ներկայացված հայտարարագրերի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների համաձայն, ապրանք առաքող կամ տեղափոխող միևնույն հարկ վճարողը գործարքը կամ գործողությունն իրականացնում է առանց սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 4-րդ հավելվածով սահմանված վավերապայմանները բավարարող ուղեկցող փաստաթղթերի.
3) ապրանք առաքող կամ տեղափոխող հարկ վճարողի համար անփաստաթուղթ ապրանքի առաքման կամ տեղափոխման դեպք է համարվում նաև այն դեպքը, երբ շրջանառության հարկ վճարողների կողմից վերադաս հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձևով ու կարգով (էլեկտրոնային կամ թղթային եղանակով) հարկային մարմին ներկայացված հայտարարագրում ներառված կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալները, որոնց համաձայն ապրանքների առաքումը և (կամ) տեղափոխումը իրականացվում են առանց սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 4-րդ հավելվածով սահմանված վավերապայմանները բավարարող ուղեկցող փաստաթղթերի, մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում և արձանագրվում են հարկային մարմնի կողմից:
Սույն հոդվածով նախատեսված խախտումներ հայտնաբերելու նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում հարկ վճարողի պաշտոնատար անձի պահանջով նրան ներկայացվում է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին որոշման քաղվածքը:
Սույն հոդվածով նախատեսված խախտումներ հայտնաբերելու դեպքում վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ մինչև տուգանքի գումարի վճարումը անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների վրա դրվում է արգելանք, բացառությամբ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հարկային մարմին ներկայացված հայտարարագրում ներառված կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների հիման վրա օպերատիվ-հետախուզական միջոցառման դեպքերի: Սույն պարբերությամբ նշված դեպքերում օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում կազմված արձանագրությունը հիմք է հանդիսանում խախտման հայտնաբերման պահին անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների նկատմամբ արգելանք կիրառելու համար՝ ապահովելով մինչև խախտման հայտնաբերման օրվա ավարտը արգելադրման մասին որոշման կայացումը և պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) հանձնումը հարկ վճարողին: Ապրանքի արգելադրման մասին որոշման մեջ նշվում են որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, ընդունված որոշման հիմքերը: Հարկ վճարողը զգուշացվում է արգելադրված ապրանքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:
Արգելադրումն իրականացվում է ապրանքների տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքի սահմանափակման միջոցով: Արգելանքը դրվում է հարկ վճարողի անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների վրա` անկախ այն հանգամանքից, թե ում մոտ է այն գտնվում: Արգելանքը չի կարող կիրառվել այն գույքի նկատմամբ, որի վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել կամ որի պահպանման ժամկետը արգելադրման պահին պակաս է երեք ամսից:
Արգելանքն իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված ապրանքն ի պահ է հանձնում հարկ վճարողին` ստացականով, իսկ եթե հարկ վճարողը փորձում է արգելադրված գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնել, թաքցնել, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնել, փչացնել կամ ոչնչացնել, ապա ապրանքի պահատվությունը հանձնվում է նման գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպությանը` պահատվության պայմանագրի հիման վրա: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է հարկ վճարողը:
Սույն հոդվածով նախատեսված արգելադրման մասին որոշումն ուժը կորցրած է ճանաչվում արգելադրման համար հիմք հանդիսացած խախտման համար սույն հոդվածով սահմանված տուգանքի գումարն ամբողջությամբ վճարելու պահից:
Սույն հոդվածով նախատեսված տուգանքների կիրառումը հարկ վճարողին չի ազատում օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարումից: Հարկ վճարողի կողմից հարկային մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը չի կասեցնում սույն հոդվածով նախատեսված տուգանքների վճարումը:
Սույն հոդվածով նախատեսված տուգանքների կիրառման առումով ապրանքի գնի (արժեքի) որոշման անհնարինության դեպքում ապրանքի գին (արժեք) է համարվում խախտումը հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) միջին կշռված գինը: Եթե խախտումը հարկային մարմնի կողմից հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ բացակայում են երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) գինը, ապա ապրանքի գինը (արժեքը) հաշվարկում է հարկային մարմինը` կիրառելով սույն օրենքի 22 հոդվածի դրույթները:
Անփաստաթուղթ ապրանքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքը ձեռք բերող հարկ վճարողի նկատմամբ չի կիրառվում, եթե օրենքով սահմանված կարգով խախտումն արձանագրվելու ժամանակ հիմնավորվում է այլ հարկ վճարողից ձեռք բերվելու և ուղեկցող փաստաթուղթ չտրամադրվելու հանգամանքը: Սույն պարբերությունում նշված դեպքերում տուգանքը կիրառվում է անփաստաթուղթ ապրանք վաճառող հարկ վճարողի նկատմամբ:
(28-րդ հոդվածը խմբ. 28.09.98 ՀՕ-251, փոփ. 14.12.01 ՀՕ-289, լրաց. 11.12.02 ՀՕ-484-Ն, 25.12.03 ՀՕ-53-Ն, 16.12.05 ՀՕ-260-Ն, փոփ. 21.08.08 ՀՕ-143-Ն, 11.05.11 ՀՕ-154-Ն, խմբ. 07.12.11 ՀՕ-308-Ն, փոփ., լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն, 21.06.14 ՀՕ-134-Ն)