Անցնել բովանդակությանը
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 26

գործել է մինչև 2014-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 26.

Սույն օրենքի 23 հոդվածում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները (այդ թվում նաև` սույն օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված` ներմուծման պահին վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները) հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն`

1) ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից.

2) սույն օրենքի 7 հոդվածի համաձայն հարկվող օբյեկտ չհամարվող և 15 հոդվածի համաձայն ԱԱՀ-ից ազատված, այդ թվում` արտոնագրային վճարով կամ հաստատագրված վճարով կամ շրջանառության հարկով հարկվող կամ ընտանեկան ձեռնարկատիրության գործունեության գործարքների (գործառնությունների) գծով, ինչպես նաև այն գործարքների գծով, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը: Սույն կետում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները միացվում են ապրանքները ձեռք բերելու գնին կամ արտադրության շրջանառության ծախքերին, բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի 3-րդ և 16-րդ կետերով սահմանված դեպքերի:

Բացառությամբ ապրանքների արտահանման դեպքի, սույն կետով սահմանված կարգը տարածվում է նաև շրջանառելի` բազմակի օգտագործման տարան անմիջական արտադրողից կամ անմիջական ներմուծողից ձեռք բերողների վրա` այդ տարայի մասով, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ԱԱՀ-ը փոխարինող հարկեր կամ վճարներ վճարողների վրա.

Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործարքներին ուղղակիորեն վերաբերվող ձեռքբերումների, բացառությամբ շահագործման ժամկետ ունեցող գույքի (այսուհետ` սույն մասում` գույք) մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման և պետք է միացվեն (բացառությամբ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» կետին համապատասխան «Վերարտահանում» մաքսային ռեժիմով ապրանքների արտահանման գործարքների մասով) ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման գնին: Սույն մասի դրույթները գործում են այն ձեռքբերումների նկատմամբ, որոնք կատարվել են 2001 թվականի դեկտեմբերի 31-ից հետո: Սույն մասին համապատասխան վերաձևակերպումներ չեն կատարվում այն դեպքերում, երբ գործարքներն իրականացվում են այն անձի կողմից, որը դադարել է համարվել ԱԱՀ վճարող:

Եթե գույքի ձեռքբերումը, ներմուծումը կամ կառուցումը (այսուհետ` սույն հոդվածի կիրառման իմաստով ձեռքբերումներ) ի սկզբանե ուղղակիորեն վերագրվում է ԱԱՀ-ով հարկվող գործարքներին կամ ի սկզբանե հնարավոր չէ ուղղակիորեն վերագրել ԱԱՀ-ով հարկվող կամ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված գործարքներին (այսուհետ` սույն հոդվածի կիրառման իմաստով ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ), ապա այդ ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը սահմանված կարգով կատարվում է այդ ձեռքբերումների կատարման հաշվետու ժամանակաշրջանում:

Եթե գույքը, որի ձեռքբերման կամ ներմուծման կամ կառուցման մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում սահմանված կարգով կատարվել է ԱԱՀ-ի հաշվանցում, հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ամբողջությամբ կամ մասնակիորեն օգտագործվում է ԱԱՀ-ով չհարկվող գործարքների իրականացման համար, ապա`

ա) հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա գումարներից պակասեցման` տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նորմաներով այդ գույքի համար հաշվարկվող ամորտիզացիայի գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով,

բ) սույն պարբերության «ա» ենթակետով սահմանված կարգով որոշվող պակասեցվող գումարը նվազեցվում է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի գումարի) ԱԱՀ-ով հարկվող գործարքների շրջանառության (առանց ԱԱՀ-ի) տեսակարար կշռին համապատասխանող գործակցով, եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվյալ գույքը միաժամանակ օգտագործվում է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքների իրականացման համար,

գ) հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա գումարներից պակասեցման, տվյալ գույքի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում գույքի օտարումն ինքնին ԱԱՀ-ով չհարկվող գործարք է:

Եթե գույքի ձեռքբերումն ի սկզբանե ուղղակիորեն վերագրվում է ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին, ապա այդ ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարները հաշվանցման ենթակա չեն այդ ձեռքբերումների կատարման հաշվետու ժամանակաշրջաններում:

Եթե գույքը, որի ձեռքբերման մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում սահմանված կարգով կատարվել է ԱԱՀ-ի հաշվանցվող գումարների պակասեցում (ԱԱՀ-ի գումարները սահմանված կարգով միացվել են գույքի ձեռքբերման արժեքին), հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ամբողջությամբ կամ մասնակիորեն օգտագործվում է ԱԱՀ-ով հարկվող գործարքների իրականացման համար, ապա`

ա) հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա գումարներն ավելացվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նորմաներով այդ գույքի համար հաշվարկվող ամորտիզացիայի գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով,

բ) սույն պարբերության «ա» ենթակետով սահմանված կարգով որոշվող ավելացվող գումարը նվազեցվում է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի գումարի) ԱԱՀ-ով չհարկվող գործարքների շրջանառության (առանց ԱԱՀ-ի) տեսակարար կշռին համապատասխանող գործակցով, եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվյալ գույքը միաժամանակ օգտագործվում է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքների իրականացման համար,

գ) պակասեցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա գումարներին ավելացման տվյալ գույքի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում գույքի օտարումն ինքնին ԱԱՀ-ով հարկվող գործարք է:

Եթե գույքի ձեռքբերման կամ ներմուծման կամ կառուցման հաշվետու ժամանակաշրջանում գույքը միաժամանակ օգտագործվում է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքների իրականացման համար, ապա տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը պակասեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նորմաներով այդ գույքի համար հաշվարկվող ամորտիզացիայի գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով` նախապես նվազեցված հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի գումարի) ԱԱՀ-ով հարկվող գործարքների շրջանառության (առանց ԱԱՀ-ի) տեսակարար կշռին համապատասխանող գործակցով:

ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի համար գույքի հաշվեկշռային արժեքը և ամորտիզացիայի գումարը հաշվարկվում են` կիրառելով իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգը:

Սույն մասի կիրառման նպատակով տվյալ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ գույքի հաշվեկշռային արժեքը կամ ամորտիզացիայի գումարը որոշվում է ելնելով`

ա) տվյալ հաշվետու ժամանակաշրջանն ընդգրկող տարվա հունվարի 1-ի դրությամբ շահագործման ժամկետ ունեցող գույքի այդ խմբի հաշվեկշռային արժեքից կամ շահագործման ժամկետ ունեցող գույքի այդ խմբի ընդհանուր ամորտիզացիայի տարեկան գումարից` դրանց նկատմամբ կիրառելով շահագործման ժամկետ ունեցող գույքի սկզբնական արժեքների հանրագումարում շահագործման ժամկետ ունեցող տվյալ գույքի սկզբնական արժեքի տեսակարար կշռից, և

բ) ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանն ընդգրկող ամիսների թվի և մեկ տասներկուերորդի արտադրյալից:

3) ոչ արտադրական (ոչ առևտրային) նպատակներով ձեռք բերված և (կամ) օգտագործված ապրանքների և ծառայությունների գծով, բացառությամբ ապրանքների ու ծառայությունների անհատույց (մասնակի հատուցմամբ) հատկացման դեպքերի:

(մասը հանվել է 14.12.01 ՀՕ-288)

(մասը հանվել է 26.12.00 ՀՕ-126)

(մասը հանվել է 26.12.00 ՀՕ-126)

(մասը հանվել է 26.12.00 ՀՕ-126)

4) ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և այդ գործարքների մասով ձեռքբերումների (ձեռք բերված (կամ ներմուծված) ապրանքների ու ստացված ծառայությունների) գծով մատակարարների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ բացասական տարբերությունն առաջանում է օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կարգավորող մարմնի կողմից հաստատված սակագների կիրառման արդյունքում:

5) ոչ իրացման նպատակով ձեռք բերված (ներմուծված) մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման հարկային հաշիվներում (ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Նշված գումարները ենթակա են վերաձևակերպման և սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվանցման` այդ ավտոմեքենաների հետագա իրացման պահին դրանց մնացորդային արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով հաշվարկված ԱԱՀ-ի գումարի չափով:

6) սույն օրենքի 34.1 հոդվածով նախատեսված փոխհատուցման գումարները: Ընդ որում, մինչև արժեթղթերի ցուցակում ընկած հաշվետու ժամանակաշրջաններում այդ ծառայությունների ձեռքբերման մասով օրենքով սահմանված կարգով հաշվանցված ԱԱՀ-ի գումարները փոխհատուցման հաշվետու ժամանակաշրջանում ենթակա են վերաձևակերպման և պետք է միացվեն ծառայությունների ձեռքբերման արժեքին.

7) առանց իրավաբանական անձ ձևավորելու համատեղ գործունեության իրականացման համար համատեղ գործունեության մասնակցի կողմից կատարվող ներդրումներին վերաբերող՝ ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց վճարված ԱԱՀ-ի գումարները, բացառությամբ սույն օրենքի 6 հոդվածի 5-րդ կետով սահմանված դեպքի: Սույն կետին համապատասխան հաշվանցման ոչ ենթակա ԱԱՀ-ի այն գումարները, որոնք նախկինում հաշվանցվել են՝ վերաձևակերպվում և նվազեցում են հաշվանցվող գումարներից այն հաշվետու ժամանակաշրջանում, որում կատարվել է ներդրումը:

(26-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-177, փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-126, 14.12.01 ՀՕ-288, լրաց. 11.12.02 ՀՕ-478-Ն, 19.05.05 ՀՕ-104-Ն, 19.05.05 ՀՕ-117-Ն, լրաց., փոփ. 21.08.08 ՀՕ-146-Ն, լրաց. 11.06.09 ՀՕ-154-Ն, փոփ. 25.05.11 ՀՕ-188-Ն, լրաց., փոփ. 06.12.11 ՀՕ-334-Ն, 19.12.12 ՀՕ-240-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-129-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։