Հոդված 18. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունը
Հոդված 18. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունը
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունն է`
ա) մշակել և հաստատել հատուկ, ընդհանուր և լրացուցիչ կրթության պետական կրթական չափորոշիչները.
բ) սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման կազմակերպման կարգը.
գ) հաստատել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման պայմանագրի տիպային ձևը.
դ) սահմանել հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների ընդունելության կարգը.
ե) իրականացնել հսկողություն առանձնահատուկ կրթության որակի և ուսուցման գործընթացի նկատմամբ՝ իր լիազորությունների սահմաններում.
զ) սահմանել ներառական կրթություն իրականացնելու կարգը.
է) սահմանել ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկը.
ը) ընդունել և իրականացնել քաղաքացիների առողջության պահպանմանը, հաշմանդամության կանխարգելմանը, կենսագործունեության սահմանափակումներով անձանց սոցիալական հարմարեցմանն ուղղված համատեղ ծրագրեր ու միջոցառումներ: Այդ գործունեության համակարգման, հատուկ կրթության հարցերով տեղեկատվության և փորձի փոխանակման նպատակով կարող են ստեղծվել միջգերատեսչական հանձնաժողովներ.
թ) սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց` օգնականի ծառայությունից օգտվելու կարգը.
ժ) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ։