Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2015-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՎԱՅՐԸ

Հոդված 14

գործել է մինչև 2015-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 14.

Անշարժ գույքի հետ կապված ծառայությունների համար, այդ թվում` վարձակալության, առք ու վաճառքի գործակալների և փորձագետների ծառայությունների, շինարարության նախապատրաստման և իրականացման ծառայությունների (ներառյալ նախագծման, հետախուզման, վերահսկողության և այլ հարակից ծառայությունները) մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անշարժ գույքը կամ նախատեսվում է դրա կառուցումը:

Տրանսպորտային ծառայությունների համար մատուցման վայր է համարվում այն տեղը, որտեղից սկսվում է բեռների, փոստի, ուղևորների և ուղեբեռների փոխադրումը: Հայաստանի Հանրապետության տարածքում սկսվող՝ բեռների, փոստի, ուղևորների և ուղեբեռների տրանսպորտային փոխադրումների մասով տրանսպորտային ծառայությունների մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, եթե ծառայություն մատուցող անձի կողմից փոխադրման ծառայությունն ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

Մշակույթի, արվեստի, սպորտի, գիտության, կրթության և առողջապահության ոլորտներում մատուցվող ծառայությունների (ներառյալ դրանց կազմակերպման համար անհրաժեշտ ծառայությունները), օժանդակ տրանսպորտային ծառայությունների (ապրանքների բեռնումը, բեռնաթափումը, բեռների մշակումը, պահպանումը և այլ ծառայություններ), շարժական գույքի գնահատման, նորոգման, տեղակայման և համանման այլ ծառայությունների մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ այդ ծառայությունները փաստացի մատուցվում են:

Արտոնագրերի, լիցենզիաների, հեղինակային իրավունքի, ապրանքանշանների և համանման այլ իրավունքների` այլ անձանց փոխանցման, գովազդային, խորհրդատվական, ինժեներական, իրավաբանական, հաշվապահական, փորձագիտական, թարգմանչական և համանման այլ ծառայություններ, ինչպես նաև տվյալների մշակման, ծրագրային ապահովման իրականացման և տեղեկատվության հաղորդման ծառայություններ, բանկային, ֆինանսական և ապահովագրական (բացառությամբ չհրկիզվող պահարանների վարձակալության), շարժական գույքի վարձակալության (բացառությամբ բոլոր տեսակների փոխադրամիջոցների վարձակալության) ծառայություններ օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կամ օտարերկրյա ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետությունում գրանցված անձանց կողմից (կամ հակառակը) մատուցման դեպքում ծառայության մատուցման վայր է համարվում ծառայություն ստացող կազմակերպության պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վայրը, իսկ դրանց բացակայության դեպքում` կազմակերպության հիմնադիր փաստաթղթում նշված վայրը կամ կազմակերպության մշտական ստորաբաժանման գտնվելու վայրը, եթե ծառայությունները ստացվում են անմիջականորեն այդ ստորաբաժանման միջոցով, իսկ ծառայությունն անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացվելու դեպքում` նրա բնակության վայրը:

Փոխադրամիջոցների վարձակալության դեպքում ծառայության մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ վարձատուն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն կամ դրա բացակայության դեպքում` նրա իրավաբանական հասցեն կամ բնակության վայրը:

(պարբերությունն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-240-Ն)

Հայաստանի Հանրապետության տարածքով օտարերկրյա պետության տարածք մատուցվող ինտերնետի տարանցիկ փոխադրման ծառայությունների համար ծառայության մատուցման վայր է համարվում այդ օտարերկրյա պետության տարածքը:

Սույն օրենքի գործողությունը չի տարածվում օտարերկրյա անձանց կողմից հեռուստառադիոընկերություններին մատուցվող հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների վրա:

(14-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-276, 24.12.04 ՀՕ-194-Ն, խմբ., փոփ. 19.12.12 ՀՕ-240-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-221-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։