Հոդված 1
Հոդված 1
1. Կողմերից յուրաքանչյուրի կողմից ԱՀԿ-ին միանալու օրվանից ԱՀԿ համաձայնագրի դրույթները, ինչպես դրանք սահմանված են այդ Կողմի կողմից ԱՀԿ-ին միանալու մասին Արձանագրության մեջ, որը ներառում է պարտավորություններ, որոնք ծառայում են որպես պայման՝ ԱՀԿ-ին միանալու համար, և վերաբերում են այն իրավահարաբերություններին, որոնց կարգավորման լիազորությունները Մաքսային միության շրջանակներում Կողմերի կողմից պատվիրակվել են Մաքսային միության մարմիններին, ինչպես նաև այն միջազգային համաձայնագրերով կարգավորվող իրավահարաբերություններին, որոնք կազմում են Մաքսային միության իրավապայմանագրային բազան, դառնում են Մաքսային միության իրավական համակարգի բաղկացուցիչ մասը: Ընդ որում, ԱՀԿ-ին անդամակցող առաջին Կողմը պարտավոր է դրա մասին տեղեկացնել մյուս Կողմերին և նրանց հետ համակարգել՝ որպես իր կողմից միանալու պայման ծառայող պարտավորություններ ստանձնելու առնչությամբ իրականացվող այն գործողությունները, որոնք պահանջում են Մաքսային միության իրավական համակարգում փոփոխություններ կատարել:
2. Այդպիսի Կողմի կողմից ԱՀԿ-ին միանալու պահից սկսած Մաքսային միության Միասնական մաքսային սակագնի դրույքաչափերը չպետք է գերազանցեն ներմուծման սակագնի այն դրույքաչափերը, որոնք նախատեսված են ապրանքաշուկայի հասանելիության հետ կապված զիջումների և պարտավորությունների ցանկում, որը տվյալ Կողմի կողմից ԱՀԿ-ին միանալու մասին Արձանագրության հավելվածն է՝ բացառությամբ ԱՀԿ համաձայնագրով նախատեսված դեպքերի:
3. ԱՀԿ-ին մյուս Կողմի հետագա անդամակցության դեպքում նրա այն պարտավորությունները, որոնք ծառայում են որպես պայման՝ ԱՀԿ-ին միանալու համար, և առնչվում են այն իրավահարաբերություններին, որոնց կարգավորման լիազորությունները Մաքսային միության շրջանակներում Կողմերի կողմից պատվիրակվել են Մաքսային միության մարմիններին, ինչպես նաև այն միջազգային համաձայնագրերով կարգավորվող իրավահարաբերություններին, որոնք կազմում են Մաքսային միության իրավապայմանագրային բազան, նույնպես դառնում են Մաքսային միության իրավական համակարգի բաղկացուցիչ մասը: Ընդ որում, ԱՀԿ-ին անդամակցող Կողմը պարտավոր է դրա մասին տեղեկացնել մյուս Կողմերին և նրանց հետ համակարգել որպես իր կողմից միանալու պայման ծառայող պարտավորություններ ստանձնելու առնչությամբ իրականացվող այն գործողությունները, որոնք պահանջում են փոփոխությունների կատարում Մաքսային միության իրավական համակարգում:
4. Եթե Կողմերի ներմուծման տուրքերի դրույքաչափերի վերաբերյալ բանակցությունների համախմբված արդյունքների միջև, որոնք ձեռք են բերվել ԱՀԿ-ին անդամակցության գործընթացում, առկա են տարբերություններ, ապա այդ Կողմերն անհապաղ խորհրդակցություններ են անցկացնում միմյանց միջև և սեղմ ժամկետներում բանակցություններ են սկսում ԱՀԿ այն անդամների հետ, որոնց շահերը շոշափվել են այդպիսի հակասություններով՝ ներմուծման տուրքերի դրույքաչափերը ներդաշնակեցնելու նպատակով: Ընդ որում, բոլոր Կողմերը համակարգում են իրենց դիրքերը և արտահայտում են իրենց մտադրությունը՝ ղեկավարվելու ԱՀԿ համաձայնագրի համապատասխան դրույթներով, որոնք կիրառվում են մաքսային միությունների կողմից սակագների ներդաշնակեցման դեպքում:
Մաքսային միության Միասնական մաքսային սակագնի դրույքաչափերը չեն գերազանցի այն դրույքաչափերը, որոնք համաձայնեցվել են ներդաշնակեցման արդյունքում՝ բացառությամբ ԱՀԿ համաձայնագրով նախատեսված դեպքերի:
5. Մաքսային միության մարմինների իրավասությանը վերապահված հարցերով համակարգված բնույթի պարտավորությունների առնչությամբ բանակցությունների ժամանակ ԱՀԿ-ին նոր անդամակցող ցանկացած Կողմ ձգտում է ձևավորել պարտավորությունների այնպիսի ծավալ, որը շոշափում է այն իրավահարաբերությունները, որոնց կարգավորման վերաբերյալ լիազորությունները Կողմերը պատվիրակել են Մաքսային միության մարմիններին, ինչպես նաև այն իրավահարաբերությունները, որոնք կարգավորվում են միջազգային համաձայնագրերով և կազմում են Մաքսային միության այն իրավապայմանագրային բազան, որը առավելագույնս կհամապատասխաներ ԱՀԿ-ին առաջինն անդամակցած Կողմի պարտավորություններին: Այդպիսի պարտավորություններից սկզբունքային շեղումները, որոնք ԱՀԿ-ին նոր անդամակցած Կողմի բանակցությունների արդյունք են, ենթակա են Կողմերի միջև քննարկման և համաձայնեցման:
6. Սույն հոդվածի առաջին և երրորդ կետերի դրույթներից անկախ՝ ԱՀԿ-ի անդամ չհանդիսացող Կողմն իրավունք ունի հրաժարվելու ԱՀԿ համաձայնագրի դրույթներից, այդ թվում՝ այն պարտավորություններից, որոնք ստանձնել է ԱՀԿ-ին անդամակցած Կողմը և որոնք դարձել են Մաքսային միության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն այն հատվածով, որի շրջանակներում Մաքսային միության իրավական համակարգը և դրա մարմինների որոշումները ճշգրտման կարիք ունեն 2-րդ հոդվածին համապատասխան, և (կամ) եթե այդպիսի իրավահարաբերությունները ինքնավար կերպով կարգավորվում են Կողմի ազգային իրավական համակարգի շրջանակներում: Նման շեղում կատարելու հնարավորությունից օգտվող Կողմը ծանուցում է Մաքսային միության հանձնաժողովին այդպիսի շեղումների բնույթի և ծավալի մասին, իսկ Մաքսային միության հանձնաժողովը հրապարակում է այդ ծանուցումները: Այդպիսի Կողմի կողմից ԱՀԿ-ին միանալուց հետո ցանկացած նշված շեղում թույլատրվում է կատարել միայն այն դեպքում, եթե այն ուղղակիորեն նախատեսված է այդպիսի Կողմի՝ ԱՀԿ-ին միանալու պայմաններով: