Հոդված 8. Անցումային դրույթներ
Հոդված 8. Անցումային դրույթներ
1. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գրանցված՝ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի հողամասի բաժնեմասը կառուցապատողից ձեռք բերած գրանցման իրավունքի սուբյեկտները համարվում են այդ բաժնեմասին համապատասխանող մասով կառուցապատող (համակառուցապատող) և կրում են կառուցվող շենքի քաղաքաշինական փաստաթղթերով և «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կառուցապատողի պարտականությունները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավունքի փոփոխություն գրանցած գրանցման իրավունքի սուբյեկտների:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գրանցված՝ կառուցվող շենքի հողամասի բաժնեմասը և այդ բաժնեմասին համապատասխանող առանձնացված միավորի նկատմամբ կառուցապատողի իրավունքները ձեռք բերողի և տվյալ պահին շենքի շինարարության իրականացման թույլտվություն ունեցող կառուցապատողի միջև կարող է կնքվել նորացման պայմանագիր։ Հողամասի բաժնեմասի գրավի իրավունք գրանցված լինելու դեպքում նորացման պայմանագիրը կարող է կնքվել գրավառուի համաձայնությամբ։ Նորացման պայմանագրով կատարվում է ձեռք բերողի իրավունքի փոփոխություն՝ որպես կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք, և ճանաչվում է տվյալ պահին շենքի շինարարության իրականացման թույլտվություն ունեցող` հողի բաժնեմասի սեփականատեր-կառուցապատողի սեփականության իրավունքը հողամասի բաժնեմասի նկատմամբ։ Նորացման պայմանագրի հիմքով ձեռք բերողի և կառուցապատողի համատեղ դիմումի հիման վրա կատարվում է իրավունքի փոփոխության գրանցում՝ որպես կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք, գրանցելով տվյալ պահին շենքի շինարարության իրականացման թույլտվություն ունեցող` հողի բաժնեմասի սեփականատեր-կառուցապատողի սեփականության իրավունքը հողամասի բաժնեմասի նկատմամբ:
Սույն մասով նախատեսված իրավունքի փոփոխության գրանցման դեպքում հողամասի բաժնեմասի և կառուցվող շենքի ճարտարապետաշինարարական նախագծում այդ բաժնեմասին համապատասխանող առանձնացված միավորի նկատմամբ կառուցապատողի իրավունքների նկատմամբ գրանցված գրավի իրավունքը փոփոխվում է որպես կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի գրավ:
Սույն մասով նախատեսված իրավունքի փոփոխության գրանցման դեպքում գրանցված իրավունքի սուբյեկտն ազատվում է կառուցապատողի պարտականությունների խախտման համար վարչական և կապալառուների և շինարարության հետևանքով վնաս կրած այլ անձանց հանդեպ գույքային պատասխանատվությունից:
Սույն մասով նախատեսված իրավունքի փոփոխությունը կողմերի համար ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտ չի համարվում, եթե փոփոխության արդյունքում կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի գրանցված իրավունքի սուբյեկտ է հանդիսանում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով իրավունքի փոփոխություն գրանցվելու դեպքում գնորդի կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գույքի հանդիպական հանձնման եղանակով կատարված, ներառյալ՝ հասարակության և պետության կարիքների համար գնորդի գույքը կամ գույքային իրավունքը կառուցապատողին կատարված օտարմամբ, կառուցապատողի դրամարկղ, բանկային հաշիվ կամ կառուցապատողի ցուցումով կառուցապատողի պարտատերերի, մատակարարների, կապալառուների բանկային հաշիվներին դրամական միջոցների վճարման եղանակներով կատարված վճարումները համարվում են կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի գնի կանխավճարներ շենքի կառուցման ավարտից հետո սեփականության իրավունքի փոխանցման ակտը կազմելիս:
4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2015 թ. հուլիսի 14
Երևան
ՀՕ-88-Ն