Հոդված 3
Հոդված 3
1) Խորհրդաժողովի անդամ պետությունները կարող են, ընդհանուր գործերի և քաղաքականության վերաբերյալ հանդիպումների ժամանակ, եթե անդամ պետությունների մեծամասնությունը ներկա է, ձայների մեծամասնությամբ որոշում կայացնել որպես անդամ ընդունելու նաև ցանկացած Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության, վերջինիս կողմից Գլխավոր քարտուղարություն ներկայացված անդամակցության դիմումի հիման վրա: Սույն Կանոնադրությամբ անդամներին արված ցանկացած հղում վերաբերում է նաև նման անդամ կազմակերպություններին, եթե հստակորեն այլ բան նախատեսված չէ: Ընդունումը համարվում է ուժի մեջ մտած Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության կողմից Կանոնադրությունն ընդունվելուց հետո:
2) Որպեսզի Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունն իրավասու լինի դիմելու անդամակցության համար, այն պետք է բաղկացած լինի բացառապես անկախ պետություններից, և անհրաժեշտ է, որ այդ անդամ պետությունները մի շարք հարցերի վերաբերյալ իրենց իրավասությունը փոխանցած լինեն այդ կազմակերպությանը, այդ թվում՝ տվյալ հարցերի առնչությամբ Խորհրդաժողովի շրջանակներում իր անդամ պետությունների համար պարտադիր համարվող որոշումների ընդունման իրավասությունը:
3) Անդամակցության համար դիմած յուրաքանչյուր Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն, նման դիմումի ժամանակ, ներկայացնում է իրեն փոխանցված իրավասության մասին հայտարարություն՝ նշելով այն հարցերի շրջանակը, որոնց առնչությամբ անդամ պետություններն իրեն են փոխանցել այդ իրավասությունները:
4) Յուրաքանչյուր անդամ կազմակերպություն և նրա անդամ պետությունները ապահովում են, որ անդամ կազմակերպության իրավասության կամ դրա անդամակցության հետ կապված ցանկացած փոփոխության մասին ծանուցվի Գլխավոր քարտուղարությունը, որն էլ կտարածի այդ տեղեկատվությունը Խորհրդաժողովի մյուս անդամների շրջանում:
5) Ենթադրվում է, որ անդամ կազմակերպության անդամ պետությունները պահպանում են իրենց իրավասությունը բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնց առնչությամբ իրավասության փոխանցման վերաբերյալ հստակ հայտարարություն կամ ծանուցում չի արվել:
6) Խորհրդաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է դիմել անդամ կազմակերպությանը և նրա անդամ պետություններին՝ իրեն տրամադրելու տեղեկատվություն առ այն, թե արդյոք անդամ կազմակերպությունն իրավասություն ունի որևէ կոնկրետ հարցի կապակցությամբ, որը Խորհրդաժողովի օրակարգում է: Անդամ կազմակերպությունը և նրա անդամ պետությունները ապահովում են, որ այդպիսի դիմումի դեպքում տեղեկատվությունը տրամադրվի:
7) Անդամ կազմակերպությունը անդամակցության իր իրավունքները Խորհրդաժողովի անդամ հանդիսացող իր անդամ պետությունների հետ, իրենց իրավասության համապատասխան ոլորտներում իրականացնում է այլընտրանքային հիմքով:
8) Անդամ կազմակերպությունը կարող է Խորհրդաժողովի ցանկացած նիստի, որոնց իրավունք ունի մասնակցելու, իր իրավասության շրջանակում գտնվող հարցերի առնչությամբ քվեարկել իրեն իրավասություն տված և նման նիստերին գրանցված իր անդամ պետությունների թվին համապատասխան։ Երբ անդամ կազմակերպությունը օգտագործում է քվեարկելու իր իրավունքը, իր անդամ պետությունները չեն քվեարկում, և հակառակը:
9) «Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն» նշանակում է միջազգային կազմակերպություն, որը կազմված է միայն անկախ պետություններից, և որին այդ անդամ պետությունները մի շարք հարցերով փոխանցել են իրենց իրավասությունները՝ ներառյալ այդ հարցերի վերաբերյալ անդամ պետությունների համար պարտադիր համարվող որոշումներ ընդունելու իրավասությունը: