Հոդված 64. Ընտրողների գրանցումը
Հոդված 64. Ընտրողների գրանցումը
1. Ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ. լիազորված քվեարկությունն արգելվում է: Յուրաքանչյուր ընտրող գրանցվում է հանձնաժողովի` գրանցման համար պատասխանատու անդամի մոտ գտնվող ընտրողների ցուցակում:
2. Հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամն ստուգում է ընտրողի ինքնությունը, ընտրողների ցուցակում գտնում է նրա անուն-ազգանունը, դրա դիմացի դատարկ սյունակում լրացնում է անձը հաստատող փաստաթղթի տվյալները, և ընտրողը ստորագրում է այդ տվյալների դիմաց` ընտրողի ստորագրության համար նախատեսված սյունակում: Ընտրողի գրանցումն իրականացնող անդամը իր անհատական կնիքն է դնում ընտրողի ստորագրության դիմաց` համապատասխան սյունակում: Եթե ընտրողը չի կարող ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա նա իրավունք ունի դիմելու այլ քաղաքացու օգնության` բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների:
3. Անձը հաստատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը (առանց կենսաչափական տվյալների), նույնականացման քարտը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են (քվեարկում են) զինվորական մասի կազմած ընտրողների ցուցակում: Պարտադիր ժամկետային զինծառայողները ծառայությունից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված լինելու դեպքում իրենց մշտական բնակության վայրերում քվեարկում են զինվորական գրքույկներով` ներկայացնելով նաև ծառայությունից ժամանակավոր արձակված լինելու մասին փաստաթղթի պատճենը:
Ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար: