Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-01-01-ից մինչև 2014-06-21։Բացել գործող տեքստը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 21 · ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 108. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ առաջադրելը

գործել է մինչև 2014-06-21Բացել ARLIS-ում

Հոդված 108. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ առաջադրելը

1. Կուսակցություններն Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու մասին դիմումը ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողով` իրենց մշտապես գործող մարմնի որոշման հիման վրա, իսկ դիմումը ստորագրում է կուսակցության ղեկավարը: Կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու դիմումը ներկայացնում են դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, իսկ դիմումը ստորագրում են դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարները:

2. Յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք իրավունք ունի առաջադրելու թեկնածուների միայն մեկ ընտրական ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից առանձին ընտրական ցուցակ առաջադրելու: Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը: Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության, կուսակցության դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկվում է առնվազն 25 թեկնածու: Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող գերազանցել Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորների մանդատների թվի համար սույն օրենսգրքով սահմանված թվի եռապատիկը: Կուսակցության ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձինք:

3. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության, կուսակցությունների դաշինքի դիմումին կցվում են`

1) կուսակցության կանոնադրությունը (կուսակցությունների դաշինքի դեպքում` դաշինքում ընդգրկված կուսակցությունների կանոնադրությունները).

2) կուսակցության մշտապես գործող մարմնի որոշումը (կուսակցությունների դաշինքի դեպքում` դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների որոշումները) Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով թեկնածուների ընտրական ցուցակ առաջադրելու վերաբերյալ, ընտրական ցուցակը, որում համարակալմամբ նշվում են թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, կուսակցական պատկանելությունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հաշվառման վայրը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).

3) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների գրավոր հայտարարությունը պատգամավորի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.

4) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների առանձին ընտրական ցուցակները.

5) նվազագույն աշխատավարձի 8 000-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.

6) տեղեկանք՝ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու և վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

7) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված տեղեկանքի ձևը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքը տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, բայց ոչ շուտ, քան մինչև ընտրությունների նշանակումը:

Լիազորված պետական մարմինն իր որոշմամբ մերժում է դիմումատուին նշված ձևի տեղեկանք տրամադրելը, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի պահանջները:

5. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության, կուսակցությունների դաշինքի դիմումում նշվում են նաև մինչև երկու լիազոր ներկայացուցչի տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)):

6. Գրանցման փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են միայն կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի միջոցով` սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:

Գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտից հետո կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը ընտրական ցուցակում փոփոխություններ չեն կարող կատարել:

7. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու համար ներկայացրած փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` շտկելու նպատակով, ինչպես նաև նրանց ներկայությամբ ինքնուրույն ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները:

Հանձնաժողովն իրավունք չունի չընդունելու ներկայացված փաստաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերվածքներ կամ վրիպակներ: Սույն մասի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքը օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տրամադրած մարմիններին:

Ներկայացված փաստաթղթերում սույն մասի երկրորդ պարբերությունում նշված անճշտությունների կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տալիս նշված անճշտությունները վերացնելու, կից ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի վերաբերյալ անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է, իսկ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի դեպքում նրա անունը հանվում է կուսակցության ընտրական ցուցակից:

(108-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-52-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։