Հոդված 28. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը
Հոդված 28. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը
1. Ընտրական հանձնաժողովներին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմին տրամադրված միջոցների օգտագործման, նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստեղծում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն:
2. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իրականացնում է նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողություն:
3. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոնը քաղաքացիական պաշտոն է, ծառայության մյուս երկու աշխատակիցները քաղաքացիական ծառայողներ են: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշանակվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոնային դրույքաչափը հավասար է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի համար սահմանված դրույքաչափի 75.87 տոկոսին: Ծառայության ղեկավարը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:
4. Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով համապետական և Երևանի ավագանու ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում ստացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի: Ազգային ժողովի խմբակցությունների` ծառայությունում նշանակած աուդիտորները աշխատում են հասարակական հիմունքներով: Նրանց գործունեությունն ավարտվում է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո` 5-րդ օրը:
5. Համապետական, Երևանի ավագանու և տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների ժամանակ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում մինչև 1 ամիս ժամկետով պայմանագրային հիմունքներով կարող է ընդգրկվել մինչև 5 մասնագետ:
6. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը ստանալուց հետո` 2 օրվա ընթացքում, ստուգում, ստուգման արդյունքներով կազմում է տեղեկանք և ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը: Հանձնաժողովի նիստում քննարկելուց հետո տեղեկանքը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
7. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեության կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` սույն օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
(28-րդ հոդվածը փոփ. 13.11.12 ՀՕ-189-Ն)