Հոդված 4. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը և (կամ) ակցիզային հարկից ազատումը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման ժամկետները
Հոդված 4. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը և (կամ) ակցիզային հարկից ազատումը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման ժամկետները
1. «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 5-րդ և 6-րդ կետերի կիրառության իմաստով արտահանվող ապրանքների բեռնառաքման (փոխանցման) օր է համարվում ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի արտահանելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի արտահանելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրվան հաջորդող 180 օրերի ընթացքում:
3. Արտահանվող ապրանքների մասով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը և (կամ) ակցիզային հարկից ազատումը հարկային մարմնի կողմից ընդունված է համարվում սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված բոլոր փաստաթղթերը միաժամանակ հարկային մարմին փաստացի ներկայացնելու օրը:
4. Եթե արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին չի ներկայացնում սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված փաստաթուղթը (փաստաթղթերը), ապա հարկային մարմինը արտահանողի ներկայացրած դիմումի հիման վրա որոշում է ընդունում արտահանման գործարքի գծով ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը և (կամ) ակցիզային հարկից ազատումը հիմնավոր համարելու մասին, եթե հարկային մարմնում առկա է ներմուծման պետության հարկային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով տրված հավաստումն այն մասին, որ ներմուծման գործարքի գծով անուղղակի հարկերն ամբողջությամբ վճարված են, կամ ներմուծման գործարքն ազատված է անուղղակի հարկերից, կամ անուղղակի հարկերի վճարումը հետաձգվում է 180 օրը գերազանցող ժամկետով: Սույն մասով նախատեսված որոշումը հարկային մարմինն ընդունում է այն օրվա դրությամբ, որ օրը միաժամանակ առկա են արտահանողի դիմումը և ներմուծման պետության հարկային մարմնի հավաստումը: