Հոդված 6. Ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հարկման բազաները (հարկվող շրջանառությունները)
Հոդված 6. Ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հարկման բազաները (հարկվող շրջանառությունները)
1. «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 14-16-րդ կետերի կիրառության իմաստով ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հարկման բազաները որոշվում են այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրվա դրությամբ: Հարկման բազաները արտարժույթով արտահայտված լինելու դեպքում վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով՝ ելնելով ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:
2. Հիմք ընդունելով «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 18-րդ կետը՝ ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման նպատակով, բացի «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 14-րդ կետով նախատեսված՝ ներմուծվող ապրանքների ձեռք բերման արժեքից, ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հարկման բազայում ներառվում են նաև՝
1) մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման և համանման այլ ծախսերը.
2) մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը, բացառությամբ ապրանքներ ձեռք բերելու համար կատարված կոմիսիոն և միջնորդային ծախսերի.
3) Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող ապրանքների արտադրության և մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված՝ ներմուծվող ապրանքներով համապատասխանաբար բաշխված`
ա. ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը,
բ. ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների օգտագործման արժեքը,
գ. ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը,
դ. ապրանքների արտադրության համար անհրաժեշտ և, ներմուծման երկրից բացի, այլ երկրում իրականացված ճարտարագիտական, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը.
4) գնորդի կողմից ապրանքների վաճառքի անհրաժեշտ պայման հանդիսացող ռոյալթիների և թույլտվությունների դիմաց մատակարարին ուղղակի կամ անուղղակի վճարված կամ վճարման ենթակա վճարները.
5) տարայի, փաթեթի և փաթեթավորման աշխատանքների արժեքը.
6) Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող ապրանքների հետագա վաճառքի, օգտագործման կամ տնօրինման դիմաց գնորդի կողմից մատակարարին վճարման ենթակա գումարները:
3. (մասն ուժը կորցրել է 24.11.15 ՀՕ-159-Ն)
4. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի մասով ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:
(6-րդ հոդվածը փոփ. 24.11.15 ՀՕ-159-Ն)