Հոդված 3.1
Հոդված 3.1.
Սույն օրենքով այլ բան սահմանված չլինելու դեպքում սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) իրականացնելու դեպքում ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրում են`
1) ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք չունեցող իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունները, այդ թվում՝ հիմնարկները, օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցչությունները.
2) սույն օրենքով սահմանված դեպքերում` տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինները, այդ մարմինների ստեղծած հիմնարկները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը.
3) անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե`
ա. նրանց իրականացրած գործարքները, սույն օրենքի համաձայն, համարվում են ապրանքի մատակարարում,
բ. մատուցել են այնպիսի ծառայություններ (բացառությամբ անշարժ գույքի վարձակալության գործարքների) կամ մատակարարել են այնպիսի ապրանքներ, որոնց իրականացումն օրենքի համաձայն չի դիտվում որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն,
գ. նրանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվում ապրանքներ, որոնց ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, կամ Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվում ավտոմեքենաներ:
Օրենքով սահմանված դեպքերում և կարգով ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կարող է դրվել այլ անձանց վրա կամ սահմանվել համապարտ պարտավորություն՝ այլ անձի կամ անձանց խմբի կողմից իրականացված գործարքից առաջացած ավելացված արժեքի հարկի պարտավորության կատարման մասով:
(3.1-ին հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-240-Ն, 21.06.14 ՀՕ-129-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-243-Ն)
(3.1-ին կետը 17.12.14 ՀՕ-243-Ն օրենքի 1-ին հոդվածի խմբագրությամբ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ավտոմեքենաների մասով, կիրառվում է նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարիների ընթացքում:)
(3.1-ին հոդվածը 24.11.15 ՀՕ-160-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2018 թ.)