Հոդված 16
Հոդված 16.
ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկումը` սույն հոդվածում նշված գործարքների իրացման շրջանառության (հոդվածում այսուհետ` հարկվող շրջանառություն) նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառումն է`
1) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանից դուրս «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ, ինչպես նաև միջազգային երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերի լցավորման համար վառելանյութի ու ամբողջ երթուղու ընթացքում օդանավերում անձնակազմի և ուղևորների սպառման համար նախատեսվող ապրանքների մատակարարման նկատմամբ.
Օտարերկրյա անձանց կողմից հանրապետությունում ձեռք բերված ապրանքներն արտահանելիս դրանց համար հանրապետության տարածքում վճարված ԱԱՀ-ի գումարները վերադարձվում են նրանց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում և կարգով:
2) Հայաստանի Հանրապետությունում գործող անմաքս առևտրի խանութից ապրանքների մանրածախ վաճառքը միջազգային երթուղիներով մեկնող և ժամանող ուղևորներին, ինչպես նաև այլ հարկ վճարողների կողմից այդ ապրանքների մատակարարումը անմաքս առևտրի խանութի կազմակերպչին.
3) (կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)
4) (կետն ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-288)
5) միջազգային երթուղիներով փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցների սպասարկման (ներառյալ աերոնավիգացիոն, թռիչք-վայրէջքի), նորոգման, վերասարքավորման, ինչպես նաև միջազգային երթուղիներով փոխադրվող ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի սպասարկման ծառայությունների և փոխադրման ընթացքում ուղևորներին մատուցվող ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ.
6) այն ծառայությունների (այդ թվում` գործակալական, միջնորդական) հարկվող շրջանառության նկատմամբ, որոնք անմիջականորեն կապված են և ապահովում են սույն հոդվածի 5-րդ կետում նշված ծառայությունների մատուցումը.
7) «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծված՝ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում այն արտադրանքի մշակման կամ հավաքման, շարժական գույքի նորոգման, արդիականացման և համանման այլ ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ, որոնք արտահանվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանից դուրս` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում.
8) այն ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ, որոնց մատուցման վայրը, համաձայն սույն օրենքի, չի գտնվում Հայաստանի Հանրապետության ներքին տարածքում.
9) (կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)
10) (կետը հանվել է 28.12.98 ՀՕ-276)
11) դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների պաշտոնական օգտագործման նպատակով ներմուծվող կամ հանրապետության տարածքում ձեռք բերվող ապրանքների, նրանց մատուցվող ծառայությունների նկատմամբ.
12) հանրապետության տարածքով օտարերկրյա բեռների տարանցիկ փոխադրումների նկատմամբ:
Զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման դեպքում ԱԱՀ վճարողների կողմից ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում և ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում (ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների գծով՝ ներմուծման հարկային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման և (կամ) վերադարձման օրենքով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում:
(16-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-177, 28.12.98 ՀՕ-276, 26.12.00 ՀՕ-126, խմբ., փոփ. 14.12.01 ՀՕ-288, փոփ. 26.12.08 ՀՕ-246-Ն, փոփ., խմբ. 19.12.12 ՀՕ-240-Ն, փոփ., լրաց. 17.12.14 ՀՕ-243-Ն, խմբ. 24.11.15 ՀՕ-160-Ն, փոփ. 21.12.15 ՀՕ-201-Ն)
(16-րդ հոդվածի 12-րդ կետը 24.11.15 ՀՕ-160-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2018 թ.)