Հոդված 40.9. Թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների, ինչպես նաև հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների հրապարակման համար օրենքով սահմանված կարգը խախտելը
Հոդված 40.9. Թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների, ինչպես նաև հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների հրապարակման համար օրենքով սահմանված կարգը խախտելը
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների, ինչպես նաև հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական հարցում հրապարակելիս դրանում օրենքով նախատեսված տեղեկությունները չնշելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, հարցում իրականացնող կազմակերպության նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ տպագիր մամուլով թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), ինչպես նաև հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` հրապարակում իրականացրած կազմակերպության նկատմամբ` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով։
Միևնույն ընտրության (հանրաքվեի) ժամանակ նույն խախտումը մեկից ավելի անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` հրապարակում իրականացրած կազմակերպության նկատմամբ` երկրորդ հրապարակման դեպքի համար, նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, իսկ յուրաքանչյուր հաջորդ խախտման համար նախորդ դեպքի համար սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով: