Հոդված 39. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ
Հոդված 39. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ
Ձերբակալվածներին պահելու վայրերում և կալանավորվածներին պահելու վայրերում հատուկ միջոցներ կարող են գործադրվել հետևյալ դեպքերում.
1) ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի ծառայողների կամ այլ անձանց վրա ձերբակալված կամ կալանավորված անձանց հարձակումը հետ մղելիս.
2) ձերբակալվածներին պահելու վայրերի կամ կալանավորվածներին պահելու վայրերի կանոնակարգի խմբակային խախտումների կամ զանգվածային անկարգությունների ժամանակ.
3) ձերբակալվածներին պահելու վայրերի, կալանավորվածներին պահելու վայրերի և կարգուկանոն հաստատելուն ներգրավված այլ անձանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում ձերբակալված կամ կալանավորված անձանց հակաօրինական գործողությունները կանխելիս.
4) պատանդներին, զավթված շենքերը, շինությունները, կառույցները և տրանսպորտային միջոցներն ազատելիս.
5) ձերբակալվածներին պահելու վայրերից, կալանավորվածներին պահելու վայրերից կամ տեղափոխման ընթացքում ձերբակալված կամ կալանավորված անձի փախուստի փորձը կանխելիս.
6) ձերբակալված կամ կալանավորված անձի շրջապատին վնաս հասցնելու փորձը կանխելիս:
Որպես հատուկ միջոցներ կարող են կիրառվել ռետինե մահակներ` սույն հոդվածի առաջին մասի 1-6-րդ կետերով նախատեսված դեպքերում, ձեռնաշղթաներ և ոտնաշղթաներ` սույն հոդվածի առաջին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերով նախատեսված դեպքերում (ձեռնաշղթաների կամ ոտնաշղթաների բացակայության դեպքում ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի ծառայողներն իրավունք ունեն կիրառել կապելու այլ հարմարանքներ), կայծային պարպիչներ, էլեկտրահարող և ուշադրությունը շեղող այլ լուսաձայնային միջոցներ` սույն հոդվածի առաջին մասի 1-4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում, արգելքներ քանդող միջոցներ` սույն հոդվածի առաջին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում, ջրանետեր և զրահամեքենաներ` սույն հոդվածի առաջին մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում, գազային զենք, ծառայողական շներ` սույն հոդվածի առաջին մասի 1-6-րդ կետերով նախատեսված դեպքերում: