Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-12-15-ից մինչև 2017-02-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հոդված 78. Իրավական ակտերի գործողությունը ժամանակի ընթացքում

գործել է մինչև 2017-02-04Բացել ARLIS-ում

Հոդված 78. Իրավական ակտերի գործողությունը ժամանակի ընթացքում

1. Իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում:

Հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:

2. Իրավախախտման համար սահմանված պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող կամ իրավախախտում կատարած իրավաբանական և ֆիզիկական անձանց դրությունն այլ կերպ բարելավող իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ, եթե օրենքով կամ այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

3. Իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների, բացառությամբ նրա առանձին մասերը վերացված կամ անվավեր կամ չեղյալ ճանաչելու դեպքերի, գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, եթե սույն օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Մինչև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում են մինչև փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ մտնելը գործող նորմերը, եթե սույն օրենքով կամ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Ուժը կորցրած իրավական ակտի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը ծագած հարաբերությունների վրա, եթե սույն օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

4. Հետադարձ ուժ ունեցող իրավական ակտի կիրառմամբ անձն ազատվում է նախկինում կիրառված պատասխանատվության միջոց կամ իրավունքի սահմանափակում նախատեսող անհատական ակտերի կատարման պարտականությունից: Հետադարձ ուժ ունեցող իրավական ակտի ընդունումը հիմք չէ անձի նկատմամբ նախկինում կիրառված պատասխանատվության միջոցի կամ իրավունքի սահմանափակման կատարման շրջադարձի, այսինքն` վճարված գումարի վերադարձման, վերացված իրավունքի (լիցենզիայի, մրցույթին մասնակցության և այլն) վերականգնման համար, եթե տվյալ ակտով ուղղակիորեն սահմանված չէ հակառակը:

(78-րդ հոդվածը լրաց. 31.03.03 ՀՕ-524-Ն)

(78-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր 29.11.2011 ՍԴՈ-1000 որոշմամբ)

ՀՈԴՎԱԾ 79. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

1. Նորմատիվ իրավական ակտի գործողության ժամկետն անսահմանափակ է, եթե տվյալ իրավական ակտում կամ դրա գործողության մեջ դնելու մասին իրավական ակտում ուղղակի ժամկետ նախատեսված չէ:

2. Ժամանակավոր գործողություն կարող է սահմանվել ողջ ակտի կամ դրա առանձին մասերի համար: Այս դեպքում պետք է նշվի ակտի կամ դրա առանձին մասի գործողության հստակ ժամկետը: Մինչև սահմանված ժամկետի ավարտն ակտն ընդունող մարմինը կարող է երկարաձգել ակտի գործողության ժամկետը կամ դրան հաղորդել անժամկետ բնույթ:

ՀՈԴՎԱԾ 80. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, գերատեսչական ակտերի, բացառությամբ մարզպետների և Երևանի քաղաքապետի նորմատիվ որոշումների, գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի վրա:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետների նորմատիվ որոշումների գործողությունը տարածվում է միայն տվյալ մարզի, իսկ Երևանի քաղաքապետի նորմատիվ որոշումների գործողությունը` միայն Երևան քաղաքի վարչական տարածքի վրա:

3. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի գործողությունը տարածվում է համապատասխան համայնքի տարածքի վրա:

4. Անհատական իրավական ակտերի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի վրա, եթե այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

5. Ներքին իրավական ակտի գործողությունը տարածվում է միայն ներքին իրավական ակտով ուղղակի նախատեսված անձանց վրա:

(80-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-35-Ն, լրաց. 07.04.09 ՀՕ-86-Ն)

ՀՈԴՎԱԾ 81. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

1. Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության` ի դեմս դրա մարմինների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության համայնքների` ի դեմս դրանց մարմինների, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա իրավաբանական անձանց և միջազգային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական, հյուպատոսական և այլ ներկայացուցչությունների վրա, եթե այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և միջազգային իրավունքի նորմերի համաձայն, Հայաստանի Հանրապետության օրենքներն ու նորմատիվ իրավական այլ ակտերը կարող են չկիրառվել օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական և որոշ այլ ներկայացուցչությունների աշխատակիցների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։