Հոդված 23
Հոդված 23.
Օրենքի 74-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 74. Պետական գրանցման և տեղեկատվության ժամկետները
1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Դիմողի ցանկությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման պետական գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով, որի դեպքում սույն օրենքով սահմանված վճարները բազմապատկվում են հետևյալ գործակիցներով.
1) պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 3-րդ աշխատանքային օրը, պետական գրանցում կատարելու դեպքում` երկու գործակցով.
2) պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը, պետական գրանցում կատարելու դեպքում` երեք գործակցով.
3) որպես առանձին անշարժ գույքի միավոր գրանցված գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումը ներկայացնելու օրը` աշխատանքային երկու ժամվա ընթացքում, պետական գրանցում կատարելու դեպքում` վեց գործակցով:
3. Իրավունքի դադարման պետական գրանցումը կատարվում է դրա վերաբերյալ դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի:
Եթե իրավունքի դադարման պետական գրանցման դիմումի հետ միաժամանակ ներկայացվել է դրա հետ կապված այլ իրավունքի պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման դիմում, ապա դադարման պետական գրանցումն իրականացվում է այդ դիմումով պատվիրված գործառույթի իրականացման համար սահմանված ժամկետում:
4. Անշարժ գույքի նոր հասցեի կամ հասցեի փոփոխության առանձին գրանցումը կատարվում է, և դրա հիմքով նոր գրանցման վկայականը տրամադրվում, կամ վկայականում համապատասխան փոփոխությունը կատարվում է հասցեի գրանցման վերաբերյալ դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը:
Եթե սույն մասով նախատեսված հասցեի կամ հասցեի փոփոխության գրանցում կատարելու պահանջը ներկայացվում է դրա հետ կապված տեղեկատվության տրամադրման դիմումով, ապա հասցեի կամ հասցեի փոփոխության առանձին գրանցումը կատարվում է այդ դիմումով պատվիրված գործառույթի իրականացման համար սահմանված ժամկետում:
5. Անշարժ գույքի գրանցման մատյանում անվանափոխման վերաբերյալ գրառումը կատարվում է, և դրա հիմքով նոր գրանցման վկայականը տրամադրվում, կամ վկայականում համապատասխան փոփոխությունը կատարվում է դրա վերաբերյալ դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի:
Եթե սույն մասով նախատեսված գրառումը կատարելու պահանջը ներկայացվում է դրա հետ կապված իրավունքի պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման դիմումով, ապա անվանափոխման վերաբերյալ գրառումը կատարվում է այդ դիմումով պատվիրված գործառույթի իրականացման համար սահմանված ժամկետում:
6. Իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակը տրամադրվում է դրա համար դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը:
7. Պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման ժամանակ թույլ տրված սխալի ուղղումը կատարվում է դրա համար դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան 2-րդ աշխատանքային օրը:
8. Անշարժ գույքի միավորի վերաբերյալ տեղեկատվությունը (այդ թվում` միասնական տեղեկանքի ձևով) տրամադրվում է դրա համար դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 3-րդ աշխատանքային օրը, բացառությամբ սույն մասի երկրորդ և երրորդ պարբերություններով սահմանված դեպքերի:
Դիմողի ցանկությամբ անշարժ գույքի միավորի վերաբերյալ տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև դիմումը ներկայացվելու օրվանից հետո` 2-րդ աշխատանքային օրը, որի դեպքում տեղեկատվության տրամադրման վճարը բազմապատկվում է երկու գործակցով:
Դիմողի ցանկությամբ գրանցված անշարժ գույքի միավորի վերաբերյալ տեղեկատվությունը (այդ թվում` միասնական տեղեկանքի ձևով) կարող է տրամադրվել դիմումը ներկայացնելու օրը` աշխատանքային երկու ժամվա ընթացքում, որի դեպքում տեղեկատվության տրամադրման վճարը բազմապատկվում է վեց գործակցով:
9. Սույն հոդվածի 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված աշխատանքները կարող են կատարվել նաև արագացված կարգով՝ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին համապատասխան:
10. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 8-րդ մասի երրորդ պարբերությամբ նախատեսված դիմումները կարող են ներկայացվել մինչև աշխատանքային օրվա ավարտից երկու ժամ առաջ:
11. Սույն օրենքի 73-րդ հոդվածի 15-25-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը տրամադրվում է դիմումը ներկայացվելու օրվանից 3-րդ աշխատանքային օրը, իսկ դիմողի ցանկությամբ` նաև դիմումը ներկայացվելու օրվա հաջորդ աշխատանքային օրը` տեղեկատվության վճարի նկատմամբ կիրառելով երկու գործակիցը:
12. Սույն հոդվածով սահմանված ժամկետների հաշվարկը սկսվում է դիմումի մուտքագրման պահից:»: