Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Եզրափակիչ դրույթներ

1. Սույն Համաձայնագիրը կգործի ուժի մեջ մտնելու օրվանից` Ծրագրի տևողության ամբողջ ընթացքում:

2. Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել Ծրագրի տևողության ընթացքում` ցանկացած ժամանակ, Կողմերից յուրաքանչյուրի կողմից՝ Ծրագրին մասնակցությունը դադարեցնելու մտադրության մասին գրավոր ծանուցման միջոցով:

Հաշվի առնելով ներքոնշյալ դրույթները՝ գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում գրավոր ծանուցումը հասցեատիրոջը հասնելու օրվանից երեք օրացուցային ամիս հետո:

Սույն Համաձայնագրի ժամկետի ավարտվելը և (կամ) գործողության դադարեցումը չեն ազդում.

ա) ընթացքի մեջ եղող որևէ ծրագրի կամ գործունեության վրա,

բ) 2.ա ենթակետում նշված ծրագրերին և գործունեությանն առնչվող ցանկացած պայմանագրային համաձայնության կատարման վրա:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում Միությունը կփոխհատուցի Եվրոպական միության ընդհանուր բյուջե Հայաստանի կատարած ներդրման այն մասը, որը չի օգտագործվի դադարեցման պատճառով:

3. Հավելվածները կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

4. Սույն Համաձայնագրում փոփոխություններ կարող են կատարվել միայն գրավոր` Կողմերի ընդհանուր համաձայնությամբ:

5. Միության հետազոտությունների և նորարարությունների շրջանակային հաջորդ ծրագրին Հայաստանի ասոցիացման հարցը, Հայաստանի համապատասխան խնդրանքի դեպքում, կլինի Կողմերի կողմից համաձայնեցման ենթակա նոր համաձայնագրի առարկա:

Կատարված է -------------------- 2016 թվականի -------------------- -ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և անգլերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Հայաստանի Հանրապետության անունից

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ Եվրոպական միության անունից Եվրոպական հանձնաժողովի կողմից՝

ՀԱՎԵԼՎԱԾ I

Ծրագրին Հայաստանի իրավաբանական կազմավորումների մասնակցության կարգը և պայմանները

1. Ծրագրին Հայաստանի մասնակցության նպատակով որպես Հայաստանի իրավաբանական կազմավորում կարող է հանդես գալ ազգային օրենսդրության շրջանակներում Հայաստանում հիմնադրված ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով ունի իրավունակություն և կարող է, հանդես գալով իր անունից, իրականացնել իրավունքներ և կրել պարտավորություններ: Ֆիզիկական անձանց դեպքում հիմնադրման մասին հղումները վերաբերում են մշտական բնակության վայրին:

2. Ծրագրին Հայաստանի իրավաբանական կազմավորումների մասնակցությունը կիրականացվի «ասոցիացված երկրում» հիմնադրված իրավաբանական կազմավորումների համար սահմանված պայմաններին համապատասխան՝ ինչպես շարադրված է թիվ 1290/2013/ԵՄ կանոնակարգում:

Հայաստանում հիմնադրված իրավաբանական կազմավորումները իրավունք կունենան օգտվելու Ծրագրի շրջանակներում ձևավորված ֆինանսական գործիքներից՝ Եվրոպական միության անդամ պետություններում հիմնադրված իրավաբանական կազմավորումների համար նախատեսված պայմաններով:

Ծրագրին ասոցիացված այլ երկրում (ասոցիացված երկիր) հիմնադրված իրավաբանական կազմավորումները օգտվում են Եվրոպական միության անդամ պետությունների իրավաբանական կազմավորումների համար սույն Համաձայնագրով սահմանված իրավունքներց և պարտականություններից` պայմանով, որ այն ասոցիացված երկիրը, որտեղ հիմնադրված է իրավաբանական կազմավորումը, համաձայն է այլ ասոցիացված երկրի իրավաբանական կազմավորումներին նույնպես տրամադրել նույն իրավունքները և պարտավորությունները:

3. Հայաստանի իրավաբանական կազմավորումները, Միության անձանց հետ նույն շարքում, պետք է հաշվի առնվեն հանձնարարությունների կատարման համար անկախ փորձագետների ընտրության ընթացքում` թիվ 1290/2013/ԵՄ կանոնակարգով սահմանված պայմանների համաձայն:

4. Առկա դրույթների շրջանակներում Կողմերը կգործադրեն բոլոր ջանքերը սույն Համաձայնագրով նախատեսված գործունեությանը մասնակից գիտական աշխատողների ազատ տեղաշարժը և կեցությունը դյուրացնելու, ինչպես նաև նշված գործունեության համար օգտագործման համար նախատեսված ապրանքների և ծառայությունների միջսահմանային տեղաշարժը հեշտացնելու համար:

5. Հայաստանը համապատասխան դեպքերում կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար, որ Հայաստանում գնված կամ Հայաստան ներմուծված ապրանքները և ծառայությունները, որոնք մասնակիորեն կամ ամբողջությամբ ֆինանսավորվում են սույն Համաձայնագրի շրջանակներում գործունեության առնչությամբ կնքված դրամաշնորհի համաձայնագրերի և/կամ պայմանագրերի համաձայն, ազատվեն մաքսային տուրքերից, ներմուծման տուրքերից և այլ հարկային վճարներից, ներառյալ ԱԱՀ-ն, որը կիրառելի է Հայաստանում:

ՀԱՎԵԼՎԱԾ II

Ծրագրում (2016-2020) Հայաստանի ֆինանսական ներդրումները կարգավորող կանոններ

I. Հայաստանի ֆինանսական ներդրման հաշվարկը

1. Ծրագրում Հայաստանի ֆինանսական պարտավորության չափը կհաստատվի տարեկան կտրվածքով՝ Ծրագրի իրականացմանը, կառավարմանը և գործարկման համար անհարաժեշտ հատկացումներ կատարելու նպատակով Եվրոպական միության ընդհանուր բյուջեում տվյալ տարում առկա միջոցներին համամասնորեն և ի հավելումն այդ միջոցների:

2. Հայաստանի ներդրումը որոշող համամասնության գործակիցը կորոշվի Հայաստանի համախառն ներքին արդյունքի շուկակայան գների և Եվրոպական միության անդամ պետությունների ընդհանուր համախառն ներքին արդյունքի շուկայական գների միջև հարաբերակցության սահմանմամբ:

Այս հարաբերակցությունը կհաշվարկվի՝ հիմք ընդունելով Եվրոպական միության վիճակագրական գրասենյակի (Eսrօstat) կողմից ներկայացված` տվյալ տարվա վիճակագրական տվյալները, որոնք հասանելի կլինեն Եվրոպական միության տարեկան բյուջեի նախագծի հրապարակման ժամանակ: Սակայն Ծրագրում մասնակցության առաջին տարվան հաջորդող տարիների համար Հայաստանի համախառն ներքին արդյունքը կհաշվարկվի Եվրոպական միության անդամ պետությունների համախառն ներքին արդյունքի աճի տեմպերի ցուցանիշներով:

3. Ծրագրում իր մասնակցությանն օժանդակելու նպատակով Հայաստանի ներդրումը համապատասխան ֆինանսական տարում կիրականացվի հետևյալ կերպով.

- 2016 ֆինանսական տարի՝ ներդրումը կհաշվարկվի ըստ 2-րդ կետի համաձայն հաստատված համամասնության գործակցի՝ բազմապատկած 0.25-ով,

- 2017 ֆինանսական տարի՝ ներդրումը կհաշվարկվի ըստ 2-րդ կետի համաձայն հաստատված համամասնության գործակցի՝ բազմապատկած 0.25-ով,

- 2018 ֆինանսական տարի՝ ներդրումը կհաշվարկվի ըստ 2-րդ կետի համաձայն հաստատված համամասնության գործակցի՝ բազմապատկած 0.25-ով,

- 2019 ֆինանսական տարի՝ ներդրումը կհաշվարկվի ըստ 2-րդ կետի համաձայն հաստատված համամասնության գործակցի՝ բազմապատկած 0.25-ով,

- 2020 ֆինանսական տարի՝ ներդրումը կհաշվարկվի ըստ 2-րդ կետի համաձայն հաստատված համամասնության գործակցի՝ բազմապատկած 0.25-ով:

4. Սույն Համաձայնագիրը կիրառելի դառնալուց չորս տարի հետո Կողմերը կվերանայեն Հայաստանի ֆինանսական ներդրումը որոշող համամասնության գործակիցը՝ հաշվի առնելով 2016-2018 թվականներին Ծրագրի շրջանակներում Հայաստանի իրավաբանական կազմավորումների ուղղակի և անուղղակի մասնակցության վերաբերյալ տվյալները:

5. Հանձնաժողովը, հնարավորինս շուտ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ֆինանսական տարվան նախորդող տարվա սեպտեմբերի 1-ը, Հայաստանին կտրամադրի հետևյալ տեղեկատվությունը՝ համապատասխան հիմքերի հետ միասին.

- Եվրոպական միության բյուջեի նախագծի ծախսային հոդվածում Ծրագրին համապատասխանող` նշված հատկացումների գումարը,

- վերը նշված 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի համաձայն` Ծրագրին Հայաստանի մասնակցությանը համապատասխանող` բյուջեի նախագծից ածանցված ներդրումների գնահատված չափը:

Երբ ընդհանուր բյուջեն վերջնական ընդունված է, Հանձնաժողովը Հայաստանին կտրամադրի առաջին ենթակետում նշված վերջնական գումարների չափը՝ Հայաստանի մասնակցությանը համապատասխանող ծախսային հոդվածի մեջ:

II. Հայաստանի` ֆինանսական պարտավորության կատարումը

1. Հանձնաժողովը ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ֆինանսական տարվա հունվարի 30-ը և հունիսի 15-ը կհրապարակի Հայաստանին ուղղված ֆինանսավորման հայտը՝ Համաձայնագրով ստանձնած նրա ներդրմանը համպատասխան:

2. Ֆինանսավորման այս հայտերով կսահմանվեն հետևյալ վճարումները.

- Հայաստանի ներդրման վեց տասներկուերորդ մասը՝ ոչ ուշ, քան մինչև մարտի 15-ը, և

- Հայաստանի ներդրման վեց տասներկուերորդ մասը` ոչ ուշ, քան մինչև հուլիսի 20-ը:

Սակայն մարտի 15-ից ոչ ուշ վճարվելիք վեց տասներկուերորդ մասը կհաշվարկվի՝ հիմք ընդունելով բյուջեի նախագծի ծախսային հոդվածով նշված գումարը: Այդպիսով վճարվելիք գումարի չափը կճշգրտվի ոչ ուշ, քան մինչև հուլիսի 20-ը՝ մյուս վեց տասներկուերորդ մասի վճարման հետ միասին:

Սույն Համաձայնագրի կիրառման առաջին տարվա համար Հանձնաժողովը կհրապարակի ֆինանսավորման առաջին հայտը, որը կունենա հետադարձ ուժ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 30 օր: Այն դեպքում, երբ հայտը կհրապարակվի հունիսի 15-ից հետո, ապա վերջինով կսահմանվի Հայաստանի ներդրման տասներկու/տասներկուերորդ մասի վճարումը՝ հաշվարկված բյուջեի ծախսերի մասով սահմանված գումարի հիման վրա:

3. Ծրագրի վերջին տարում կվճարի Հայաստանի ներդրման ողջ գումարը` ոչ ուշ, քան մինչև 2020 թվականի հուլիսի 20-ը:

4. Հայաստանի ներդրումը կարտահայտվի և կվճարվի եվրոյով:

5. Հայաստանի կողմից վճարումը կհաշվանցվի Միության ծրագրերին՝ որպես բյուջետային հասույթ, որը կարտացոլվի Եվրոպական միության ընդհանուր բյուջեի եկամուտների մասում՝ բյուջեի համապատասխան ենթավերնագրի տակ: Եվրոպական միության ընդհանուր բյուջեի համար կիրառելի ֆինանսական կանոնակարգը կկիրառվի նաև հատկացումների կառավարման ընթացքում:

6. Սույն Համաձայնագրի շրջանակներում Հայաստանը կկատարի իր ներդրումը՝ համաձայն II հավելվածի II.2 և 3-րդ կետերի:

Ներդրման վճարման ցանկացած ուշացում կհանգեցնի չվճարված գումարի նկատմամբ տույժերի վճարման՝ վճարում կատարելու օրվանից հաշվարկված: Սահմանված ժամկետում չվճարված` վճարման ենթակա գումարի տույժի տոկոսադրույքը կհաշվարկվի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրի «C» հատորում հրապարակված վերաֆինանսավորման հիմնական գործառույթների համար կիրառվող տոկոսադրույքին համապատասխան, որն ուժի մեջ է մտնում վճարում կատարելու օրվա համապատասխան ամսվա առաջին օրացուցային օրվանից՝ ավելացված 1,5 տոկոսադրույքով:

Այն դեպքում, երբ ներդրումը վճարելու ուշացումը կարող է զգալիորեն վտանգել Ծրագրի իրականացումն ու կառավարումը, հիշեցման պաշտոնական ծանուցումից 20 աշխատանքային օր հետո, վճարման բացակայության դեպքում, Հանձնաժողովը կկասեցնի Հայաստանի մասնակցությունը Ծրագրին՝ չսահմանափակելով ընտրված անուղղակի գործողությունների կատարմանն առնչվող` արդեն իսկ կնքված դրամաշնորհային համաձայնագրերով և/կամ պայմանագրերով ստանձնած Միության պարտավորությունները:

7. Տվյալ ֆինանսական տարվա Ծրագրի հատկացումների մասին քաղվածքը կպատրաստվի և ի գիտություն կփոխանցվի Հայաստանին Հանձնաժողովի եկամուտների և ծախսերի հաշվետվության ձևաչափով՝ ոչ ուշ, քան մինչև այդ ֆինանսական տարվան հաջորդող տարվա հունիսի 30-ը:

8. Հանձնաժողովը յուրաքանչյուր ֆինանսական տարվա հաշվեկշիռը ամփոփելու ժամանակ, եկամուտների և ծախսերի հաշիվների բացման շրջանակներում կիրականացնի Հայաստանի մասնկացությանն առնչվող հաշիվների կանոնակարգում:

Այդ կարգավորման ընթացքում հաշվի կառնվեն այն փոփոխությունները, որոնք կատարվել են տվյալ ֆինանսական տարվա ընթացքում՝ փոխանցման, չեղյալ հայտարարումների, ֆինանսական մնացորդի տեղափոխման, պարտավորությունների չկատարման կամ բյուջեի լրացումների և փոփոխությունների արդյունքում:

Այդ կարգավորումը կկատարվի հաջորդ ֆինանսական տարվա համար` երկրորդ վճարման ժամանակ, և վերջին տարվա համար՝ 2021 թվականի հուլիսին: Հետագա կարգավորումներըը կկատարվեն ամեն տարի` մինչև 2023 թվականը:

ՀԱՎԵԼՎԱԾ III

Ծրագրին Հայաստանյան մասնակիցների ֆինանսական վերահսկողությունը

I. Ուղիղ հաղորդակցություն

Հանձնաժողովը կարող է ուղղակիորեն հաղորդակցվել Ծրագրի՝ Հայաստանում հիմնադրված մասնակիցների և նրանց` ենթապայմանագրային հիմունքով ներգրավված կատարողների հետ: Նրանք կարող են ուղղակիորեն Հանձնաժողովին ներկայացնել պահանջվող ողջ տեղեկությունը և փաստաթղթերը, որոնք նրանցից պահանջում են ներկայացնել սույն Համաձայնագրում և նրա իրականացման համար կնքված դրամաշնորհային համաձայնագրերում և/կամ պայմանագրերում նշված գործիքների հիման վրա:

II. Աուդիտ

1. Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի թիվ 966/2012.9 կանոնակարգի (ԵՄ, Եվրատոմ) (այսուհետ՝ Ֆինանսական կանոնակարգի) և Հանձնաժողովի թիվ 1268/2012/ԵՄ.10 պատվիրակված կանոնակարգի (այսուհետ՝ Կիրառման կանոններ), ինչպես նաև սույն Համաձայնագրում, Ծրագրի՝ Հայաստանում հիմնադրված մասնակիցների հետ կնքված դրամաշնորհային համաձայնագրերում և (կամ) պայմանագրերում նշված այլ կանոնների համաձայն` Հանձնաժողովի գործակալների կամ Հանձնաժողովի կողմից լիազորված այլ անձանց կողմից կարող են նախատեսվել գիտական, ֆինանսական, տեխնոլոգիական կամ այլ աուդիտներ, որոնք կանցկացվեն ցանկացած ժամանակ` մասնակիցների և նրանց կողմից ենթապայմանագրային հիմունքով ներգրավված կատարողների, նրանց կապակցված երրորդ կողմերի և մասնակիցների կողմից ֆինանսական աջակցություն ստացող երրորդ կողմերի տարածքներում:

2. Նման աուդիտ կատարելու նպատակով Հանձնաժողովի գործակալները, Աուդիտորների եվրոպական դատարանը և Հանձնաժողովի կողմից լիազորված այլ անձինք պետք է համապատասխան հասանելիություն ունենան տեղանքին, աշխատանքներին և փաստաթղթերին (և՛ էլեկտրոնային, և՛ թղթային տարբերակով), ինչպես նաև պահանջվող ողջ տեղեկատվությանը` պայմանով, որ հասանելիության այս իրավունքը ակնհայտորեն կամրագրվի սույն Համաձայնագրում նշված գործիքների իրականացման համար Հայաստանի մասնակիցների հետ կնքված դրամաշնորհային համաձայնագրերում և (կամ) պայմանագրերում: Նման իրավունք չտալը կդիտվի որպես ծախսերը հիմնավորելու թերացում և, հետևաբար, դրամաշնորհային համաձայնագրերի կամ պայմանագրերի հնարավոր խախտում:

3. Աուդիտը կարող են անցկացվել Ծրագրի ավարտից կամ սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց հետո՝ խնդրո առարկա դրամաշնորհային համաձայնագրերի և (կամ) պայմանագրերի մեջ ամրագրված պայմաններով: Ծրագրի ավարտից կամ սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց հետո իրականացվող ցանկացած աուդիտ կանցկացվի սույն հավելվածում ամրագրված պայմանների համաձայն:

III. Տեղում ստուգումներ Հանձնաժողովի կողմից (OLAF)

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում Հանձնաժողովը և, մասնավորապես, Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը (European Anti-Fraud Office (OLAF)) կլիազորվեն Հայաստանի մասնակիցների և նրանց կողմից ենթապայմանագրային հիմունքով ներգրավված կատարողների, նրանց կապակցված երրորդ կողմերի և մասնակիցների կողմից ֆինանսական աջակցություն ստացող երրորդ կողմերի տարածքներում ստուգումներ և տեղազննումներ անցկացնելու համար՝ Խորհրդի թիվ 2185/96.11 (Եվրատոմ, ԵՄ) կանոնակարգով սահմանված կարգի ու պայմանների համաձայն:

2. Ստուգումները և տեղազննումները կկազմակերպվեն և կանցկացվեն Հանձնաժողովի կողմից՝ Հայաստանի Կառավարության կողմից նշանակված հայկական իրավասու մարմինների հետ սերտ համագործակցությամբ:

III հավելվածի վերոնշյալ կետի նպատակներից ելնելով` նշանակված հայկական իրավասու մարմինը կլինի ֆինանսների նախարարության ներքին աուդիտի վարչությունը: Նշանակված մարմինը ողջամիտ ժամկետում նախապես կտեղեկացվի ստուգումների և տեղազննումների առարկայի, նպատակի և իրավական հիմքերի մասին, որպեսզի կարողանա ապահովել աջակցություն: Այս նպատակով հայկական իրավասու մարմինների պաշտոնյաները կարող են մասնակցել ստուգումներին և տեղազննումներին:

3. Հայաստանի շահագրգիռ մարմինների ցանկության դեպքում ստուգումները և տեղազննումները կարող են կատարվել Հանձնաժողովի հետ միասին:

4. Այն դեպքում, երբ Ծրագրի մասնակիցները կամ նրանց կողմից ենթապայմանագրային հիմունքով ներգրավված կատարողները, նրանց կապակցված երրորդ կողմերը կամ մասնակիցների կողմից ֆինանսական աջակցություն ստացող երրորդ կողմերը կխոչընդոտեն ստուգումների և տեղազննումների իրականացմանը, հայկական իշխանությունները, գործելով ազգային կանոնների և կանոնակարգերի համաձայն, հնարավորության սահմաններում կաջակցեն Հանձնաժողովի ներկայացուցիչներին՝ իրենց լիազորությունների շրջանակներում ստուգում կամ տեղազննում կատարելու համար:

5. Հանձնաժողովը հայկական իրավասու մարմնին հնարավորինս շուտ կտեղեկացնի ստուգումների և տեղազննումների ընթացքում հայտնաբերված անհամապատասխանության ցանկացած փաստի կամ կասկածի վերաբերյալ: Բոլոր դեպքերում Հանձնաժողովը պարտավոր է վերոնշյալ մարմնին տեղեկացնել իրականացված ստուգումների և տեղազննումների արդյունքների մասին:

IV. Տեղեկատվություն և խորհրդակցություն

1. Սույն հավելվածի պատշաճ իրականացման համար Հայաստանի և Միության իրավասու մարմինները պարբերաբար կփոխանակեն տեղեկատվություն, եթե դա չի արգելվում կամ չի թույլատրվում ազգային կանոններով և կանոնակարգերով, և կվարեն խորհրդակցություններ՝ Կողմերից մեկի խնդրանքով:

2. Հայաստանի իրավասու մարմինները ողջամիտ ժամկետներում Հանձնաժողովին կտեղեկացնեն սույն Համաձայնագրում նշված գործիքների կիրառման նպատակով կնքված դրամաշնորհային համաձայնագրերի և/կամ պայմանագրերի կնքմանը և կիրառմանն առնչվող անհամապատասխաննությունների ցանկացած փաստի կամ կասկածի մասին:

V. Գաղտնիություն

Սույն հավելվածի շրջանակներում ցանկացած եղանակով ստացված կամ փոխանցված տեղեկատվությունը կդառնա մասնագիտական գաղտնիք և կպաշտպանվի այնպես, ինչպես պաշտպանվում է նմանատիպ տեղեկատվությունը Հայաստանի օրենքներով և Միության հաստատությունների համար կիրառելի համապատասխան դրույթներով: Այդպիսի տեղեկատվությունը չի կարող փոխանցվել այլ անձանց` բացի Միության հաստատությունների կամ անդամ պետությունների կամ Հայաստանի ներկայացուցիչներից, որոնց գործառույթները իրավաչափորեն պահանջում են տիրապետել այդպիսի տեղեկատվության, և այն չի կարող օգտագործվել այլ նպատակներով, քան Կողմերի ֆինանսական շահերի.12 արդյունավետ պաշտպանության ապահովումն է:

VI. Վարչական միջոցառումները և տուգանքները

Չսահմանափակելով Հայաստանի քրեական օրենսդրության կիրառումը՝ Հանձնաժողովը կարող է դիմել վարչական միջոցների կամ կիրառել տույժեր՝ թիվ 966/2012 (ԵՄ, Եվրատոմ), թիվ 1268/2012 (ԵՄ) և թիվ 2988/95.13 (ԵՀ, Եվրատոմ) կանոնակարգերին համաձայն:

VII. Փոխհատուցում և հարկադիր կատարում

Սույն Համաձայնագրով իրականացվող Ծրագրի շրջանակներում Հանձնաժողովի կայացրած որոշումները, որոնք դրամական պարտավորություն են սահմանում անձանց համար, այլ ոչ թե պետությունների, Հայաստանի տարածքում ենթակա են հարկադիր կատարման: Եթե Հանձնաժողովը խնդրում է, Հայաստանի Կառավարության կողմից նշանակված մարմինը Հանձնաժողովի անունից կնախաձեռնի որոշումների հարկադիր կատարման համար վարույթ: Այս դեպքում Հանձնաժողովի որոշումը, դրա իսկության ստուգումից հետո, Հայաստանի Կառավարության կողմից այս նպատակի համար նշանակված մարմնի միջոցով կներկայացվի հայկական դատական ատյան, ինչի մասին մարմինը կտեղեկացնի Հանձնաժողովին: Հարկադիր կատարումը կկատարվի Հայաստանի օրենսդրությանը և ընթացակարգի կանոններին համապատասխան:

Հարկադիր կատարման մասին համապատասխան դրույթները կներառվեն Հայաստանի մասնակիցների հետ կնքված դրամաշնորհային համաձայնագրերում և (կամ) պայմանագրերում: Եվրոպական միության արդարադատության պալատը իրավասու է քննարկելու Հանձնաժողովի կայացրած որոշումների օրինականությունը և կասեցնելու դրանց հարկադիր կատարումը: Ավելին, Հայաստանի դատական ատյաններն իրավասու են քննարկելու հարկադիր կատարման ոչ կանոնավոր կիրառման դեպքերի մասին բողոքները:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. նոյեմբերի 7-ին

1 2012թ. դեկտեմբերի 10-ի Խորհրդի որոշում հմ. 2012/777/ԵՄ՝ Եվրոպական համայնքների և վերջինիս անդամ պետությունների, մի կողմից, և Հայաստանի Հանրապետության, մյուս կողմից, միջև գործընկերության և համագործակցության համաձայնագրի՝ Միության ծրագրերին Հայաստանի Հանրապետության մասնակցության ընդհանուր դրույթների մասին Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև շրջանակային համաձայնագրի մասին արձանագրությունը Եվրոպական միության անունից ստորագրելու մասին (Պաշտոնական տեղեկագիր L340, 13.12.2012, էջ 26):

2 2014թ. Փետրվարի 20-ի Խորհրդի որոշում հմ. 2014/347/ԵՄ՝ Եվրոպական համայնքների և վերջինիս անդամ պետությունների, մի կողմից, և Հայաստանի Հանրապետության, մյուս կողմից, միջև գործընկերության և համագործակցության համաձայնագրի՝ Միության ծրագրերին Հայաստանի Հանրապետության մասնակցության ընդհանուր դրույթների մասին Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև շրջանակային համաձայնագրի մասին արձանագրությունը կնքելու մասին (Պաշտոնական տեղեկագիր L174, 13.06.2014, էջ 3):

3 Եվրոպական խորհրդարանի և խորհրդի թիվ 1291/2013/ԵՄ կանոնակարգը (ԵՄ), որով հիմնվում է Հորիզոն-2020՝ հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիրը (2014-2020) և չեղարկող որոշում հմ. 1982/2006/ԵՀ (Պաշտոնական տեղեկագիր L347, 20.12.2013, էջ 104):

4 Սույն Համաձայնագրի համատեքստում Կողմերը «Համաձայնագիր» տերմինը դիտարկում են Արձանագրության 5-րդ հոդվածում նախատեսված «Փոխըմբռնման հուշագիր» նշանակությամբ:

5 Եվրոպական խորհրդարանի և խորհրդի կանոնակարգը, որով սահմանվում են Հորիզոն 2020-ին մասնակցության և տարածման կանոնները (Պաշտոնական տեղեկագիր L347, 20.12.2013, էջ 81):

6 Խորհրդի որոշում հմ. 743/2013/ԵՄ, որով սահմանվում է հատուկ ծրագիր (Պաշտոնական տեղեկագիր L347, 20.12.2013, էջ 965):

7 2008 թ. մարտի 11-ի՝ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի հմ. 294/2008/ԵՀ կանոնակարգ, որով հիմնադրվում է Նորարարության և տեխնոլոգիայի եվրոպական ինստիտուտը (Պաշտոնական տեղեկագիր L97, 9.04.2008, էջ 1):

8 294/2008/ ԵՀ կանոնակարգը լրացնող` 2013 թվականի դեկտեմբերի 11-ի՝ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի հմ. 1292/2013/ԵՄ կանոնակարգ, որով հիմնադրվում է Նորարարության և տեխնոլոգիայի եվրոպական ինստիտուտը (Պաշտոնական տեղեկագիր L347, 20.12.2013, էջ 174):

9 2012 թվականի հոկտեմբերի 25-ի՝ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի թիվ 966/2012 կանոնակարգ (ԵՄ, Եվրատոմ) Միության ընդհանուր բյուջեի համար կիրառելի ֆինանսական կանոնների մասին (Պաշտոնական տեղեկագիր L298, 26.10.2012):

10 2012 թվականի հոկտեմբերի 29-ի՝ Հանձնաժողովի թիվ 1268/2012 (ԵՄ) պատվիրակված կանոնակարգ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի՝ Միության ընդհանուր բյուջեի համար կիրառելի ֆինանսական կանոնների մասին թիվ 966/2012 (ԵՄ, Եվրատոմ) կանոնակարգի կիրառման կանոններ (Պաշտոնական տեղեկագիր L362, 31.12.2012):

11 Պաշտոնական տեղեկագիր L292, 15.11.1996, էջ 2:

12 Պաշտոնական տեղեկագիր L312, 23.12.1995, էջ 1:

13 1995 թվականի դեկտեմբերի 18-ի՝ Խորհրդի թիվ 2988/95 կանոնակարգ (ԵՄ, Եվրատոմ) Եվրոպական համայնքների ֆինանսական շահերի պաշտպանության մասին (Պաշտոնական տեղեկագիր L312,23.12.1995):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։