Հոդված 27. Կուսակցությունների հաշվետվությունները
Հոդված 27. Կուսակցությունների հաշվետվությունները
1. Կուսակցությունները պետական մարմիններին ֆինանսական ու հաշվապահական հաշվետվություններ են ներկայացնում իրավաբանական անձանց համար օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
2. Կուսակցությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մայիսի 31-ից ոչ ուշ, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունը (այսուհետ` տարեկան հաշվետվություն), իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը:
Հաշվետվությունը ներառում է նաև սույն օրենքի 24-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված՝ կուսակցություններին և նրանց անդամներին տեղական կամ միջազգային համագործակցության շրջանակներում ստացած նյութական և ոչ նյութական աջակցության նպատակով հատուցված (ներառյալ՝ դասընթացների, ճանապարհածախսի հատուցում և այլն) ծախսերի մասին տեղեկություններ:
3. Կուսակցությունն իր հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելուց հետո՝ եռօրյա ժամկետում, պարտավոր է հաշվետվությունը և դրա հրապարակման փաստը վկայող ապացույցը ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
4. Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության հաշվետվությունը պետք է տվյալներ պարունակի կուսակցության հաշվում մուտք արված միջոցների աղբյուրների և ծավալի, այդ միջոցների ծախսման, ինչպես նաև ունեցած գույքի մասին` նշելով դրա արժեքը:
5. Կուսակցության ստացած նվիրատվությունների աղբյուրը` անկախ արժեքից, նշվում է կուսակցության հաշվետվությունում:
6. Կուսակցության կողմից նախընտրական քարոզչության նախապատրաստման և իրականացման համար ծախսված միջոցների հաշվառումը կատարվում է առանձին:
7. Կուսակցության տարեկան հաշվետվության ձևը և դրա լրացման կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Կուսակցություններն իրավունք ունեն իրենց հաշվետվությանը կից ներկայացնելու լրացուցիչ բացատրական նյութեր:
8. Կուսակցության տարեկան հաշվետվությունը, ի թիվս այլ տեղեկությունների, պետք է պարունակի կուսակցության՝
1) մուտքերը՝
ա․ մուտքի վճարներ,
բ․ անդամավճարներ,
գ․ ֆիզիկական անձանց նվիրատվություններ,
դ․ օրենքով սահմանված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորում,
ե․ կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների՝ հաշվետու տարում կուսակցությանը փոխանցած միջոցները՝ առանձին նշելով զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների՝ հաշվետու տարվա գործունեությամբ ստացված շահույթը,
զ․ տեղական և միջազգային համագործակցության շրջանակներում կուսակցությանն ու նրա անդամներին ուսումնառության, վերապատրաստման, համաժողովներին, սեմինարներին ու նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցության նպատակով հատուցված համապատասխան միջոցներ,
է․ վարկեր և փոխառություններ,
ը․ բանկային ավանդների գծով ստացված տոկոսներ,
թ․ կուսակցության օգտին անհատույց կատարված աշխատանքներ և մատուցված ծառայություններ,
ժ․ քաղաքացիաիրավական այլ գործարքներից՝ կուսակցության գույքի առքուվաճառքից, վարձակալությունից և օրենքով չարգելված այլ գործարքներից ստացված միջոցներ,
ժա․ այլ մուտքեր․
2) ելքերը՝
ա․ աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա ծառայությունների մատուցման վճարներ,
բ․ հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ,
գ․ կոմունալ վճարներ,
դ․ գույքի վարձակալության վճարներ,
ե․ ապրանքանյութական արժեքներ ձեռք բերելու համար կատարված վճարումներ,
զ․ տրանսպորտային ծախսերի գծով ելքեր,
է․ գործուղման ծախսերի գծով ելքեր,
ը․ այլ ելքեր․
3) կուսակցության գույքը՝
ա․ անշարժ գույք (շենք, շինություն, հողամաս և այլն),
բ․ տրանսպորտային միջոցներ․
4) կուսակցության պարտավորությունները՝
ա․ բանկերի հանդեպ ունեցած պարտավորություններ,
բ․ վարկային կազմակերպությունների հանդեպ ունեցած պարտավորություններ,
գ․ փոխատուի հանդեպ ունեցած պարտավորություններ,
դ․ այլ պարտավորություններ:
(27-րդ հոդվածը խմբ., լրաց. 29.12.20 ՀՕ-1-Ն)
(29.12.20 ՀՕ-1-Ն օրենքն ունի անցումային դրույթ)