Հոդված 16. Կուսակցության կանոնադրությունը
Հոդված 16. Կուսակցության կանոնադրությունը
1. Կուսակցությունը, նրա կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները գործում են կուսակցության կանոնադրության հիման վրա, որի դրույթները չպետք է հակասեն Սահմանադրությանը, միջազգային պայմանագրերին, օրենքներին և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին:
2. Կանոնադրությունում սահմանվում են կուսակցության`
1) անվանումը, ներառյալ` անվանման հապավումը, ինչպես նաև խորհրդանշանի, այլ խորհրդանիշերի նկարագրությունը (եթե դրանք առկա են).
2) կուսակցությանն անդամակցելու և անդամությունը դադարեցնելու պայմաններն ու կարգը.
3) անդամների իրավունքները և պարտականությունները.
4) կառուցվածքը, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ձևավորման և կազմալուծման կարգը, իրավունքները և պարտականությունները և դրանց ժամկետները.
5) կուսակցության համագումարին մասնակցող պատվիրակների ընտրության կարգը.
6) տարածքային ստորաբաժանումների ստեղծման և գործունեության դադարեցման կարգը.
7) տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ձևավորման և կազմալուծման կարգը, իրավունքները և պարտականությունները և դրանց ժամկետները.
8) կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը.
9) կուսակցության անդամների նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվության միջոցները, դրանց կիրառման հիմքերն ու կարգը, դրանք կիրառող իրավասու մարմինները.
10) դրամական միջոցների և գույքի ձեռքբերման աղբյուրները, գույքը կառավարելու` կուսակցության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների իրավունքները:
3. Կուսակցության կանոնադրությամբ սահմանվում է նաև Ազգային ժողովի ընտրություններին և համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների ձևավորման կարգը: Ընտրական ցուցակների ձևավորման ժամանակ առնվազն հաշվի են առնվում կուսակցությունների անդամների, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումների ներկայացրած առաջարկությունները:
4. Կուսակցության կանոնադրությունը կարող է պարունակել նաև իր գործունեությանը վերաբերող այլ դրույթներ:
(16-րդ հոդվածը փոփ. 18.06.20 ՀՕ-334-Ն)