Հոդված 13. Կազմակերպության կանոնադրությունը
Հոդված 13. Կազմակերպության կանոնադրությունը
1. Կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը կանոնադրությունն է, որտեղ ամրագրվում են Կազմակերպության`
1) անվանումը և կրճատ անվանումը.
2) գտնվելու վայրը.
3) գործունեության առարկան և նպատակները.
4) բարձրագույն մարմինը՝ ժողով, համաժողով, վեհաժողով, համագումար և այլն (այսուհետ՝ Ժողով), Ժողով գումարելու կարգը, ժամկետները և լիազորությունները, որոշումներ ընդունելու կարգը.
5) գործադիր մարմինը (նախագահը, կառավարիչը, տնօրենը և այլն) և մարմնի լիազորությունները.
6) կառավարման այլ մարմնի առկայության դեպքում մարմին ձևավորելու կարգը, մարմնի լիազորությունները, լիազորությունների ժամկետները և որոշումներ ընդունելու կարգը.
7) գործադիր մարմնից բացի, այն մարմինը, որն իրավասու է առանց լիազորագրի ներկայացնել Կազմակերպությունը, ինչպես նաև մարմնի ընտրության (նշանակման) կարգը և լիազորությունները.
8) անդամներին առաջադրվող պահանջները և անդամ դառնալու կարգը, ինչպես նաև Կազմակերպությունից անդամների դուրս գալու կարգը.
9) Կազմակերպության շահառուները, եթե այդպիսիք առկա են.
10) անդամների իրավունքները և պարտականությունները.
11) անչափահաս անդամների իրավունքների կամ պարտականությունների առանձնահատկությունները, եթե նախատեսված է անչափահաս անձի անդամություն.
12) անդամին Կազմակերպությունից հեռացնելու դեպքերն ու կարգը.
13) գույքը տնօրինելու և կառավարելու կարգը.
14) Ժողով հաշվետվություններ ներկայացնելու և հաստատելու կարգն ու ժամկետները.
15) այն մարմինը, որն իրավասու է սահմանելու անդամավճարի չափը և դրա գանձումը կազմակերպելու կարգը (եթե կանոնադրությամբ նախատեսված է անդամավճարի գանձում).
16) գործունեությունը վերահսկելու կարգը (եթե կանոնադրությամբ նախատեսված է վերստուգող մարմին).
17) կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը.
18) գործունեության ժամկետը, եթե Կազմակերպությունը ստեղծվել է որոշակի ժամկետով:
2. Կազմակերպության կանոնադրությամբ կարող են նաև նախատեսվել՝
1) նրա բոլոր անդամների կամ կանոնադրությամբ սահմանված կարգով որոշված համամասնությամբ՝ անդամներից ընտրված պատվիրակների մասնակցությունը Ժողովին.
2) Ժողովի օրակարգի, նրա աշխատանքն սկսելու վայրի և ժամանակի մասին մասնակիցներին ծանուցելու եղանակները և ժամկետները.
3) անդամների առավելագույն քանակական կամ որակական պահանջներ.
4) գործունեության կազմակերպմանն առնչվող՝ օրենքին չհակասող այլ դրույթներ:
3. Կազմակերպության կանոնադրությունը, ինչպես նաև դրանում փոփոխությունները և (կամ) լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունն ուժի մեջ են մտնում պետական գրանցման պահից: Կազմակերպության կանոնադրության պետական գրանցում ստացած փոփոխությունները և լրացումներն այդ կանոնադրության անբաժանելի մասն են:
4. Պետական գրանցումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Կազմակերպության կանոնադրությունը և դրա փոփոխությունները հասանելի են դառնում Գործակալության պաշտոնական ինտերնետային կայքում:
5. Կազմակերպության կանոնադրության և կառավարման մարմինների իրավական ակտերի միջև հակասության դեպքում գործում է կանոնադրությունը:
6. (մասն ուժը կորցրել է 16.01.18 ՀՕ-87-Ն)
(13-րդ հոդվածը փոփ. 16.01.18 ՀՕ-87-Ն)