Հոդված 5. Կազմակերպության անդամները
Հոդված 5. Կազմակերպության անդամները
1. Կազմակերպության անդամներն են Կազմակերպության պետական գրանցումից հետո Կազմակերպությանն անդամագրված անձինք:
2. Անձը կարող է այդ Կազմակերպության անդամ դառնալ իր դիմումի հիման վրա՝ սույն հոդվածով և Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Կազմակերպության հիմնադիրները Կազմակերպության պետական գրանցումից հետո օրենքի ուժով համարվում են Կազմակերպության անդամներ։
3. Մինչև տասնչորս տարեկան անձը Կազմակերպության անդամ կարող է դառնալ իր ցանկությամբ` օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա:
4. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, Կազմակերպության անդամ կարող է դառնալ իր դիմումի հիման վրա` օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:
5. Կազմակերպության անդամը կարող է ցանկացած ժամանակ դուրս գալ Կազմակերպությունից:
6. Կազմակերպության անդամը կարող է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով հեռացվել Կազմակերպությունից:
7. Կազմակերպության անդամները պատասխանատու չեն Կազմակերպության պարտավորությունների համար, իսկ Կազմակերպությունը պատասխանատու չէ իր անդամների պարտավորությունների համար: