Հոդված 16. Կազմակերպության իրավունքները
Հոդված 16. Կազմակերպության իրավունքները
1. Կազմակերպությունն իր կանոնադրության նպատակներին համապատասխան իրավունք ունի`
1) իր անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող.
2) բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով.
3) ստեղծելու այլ կազմակերպություն կամ լինելու նրա մասնակից.
4) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ.
5) տեղեկատվություն տարածելու իր գործունեության մասին.
6) կազմակերպելու և անցկացնելու խաղաղ, առանց զենքի հավաքներ.
7) օրենքով սահմանված կարգով ներկայացնելու ու պաշտպանելու իր և իր անդամների, շահառուների և կամավորների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում.
8) համագործակցելու այլ կազմակերպությունների, այդ թվում` միջազգային կամ օտարերկրյա կազմակերպությունների հետ, ինչպես նաև համակարգված գործունեություն ծավալելու, ընդհանուր շահեր ներկայացնելու և պաշտպանելու նպատակով այդ կազմակերպությունների հետ ստեղծելու Կազմակերպություն կամ անդամակցելու նրանց ստեղծած Կազմակերպությանը` պահպանելով իր ինքնուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը.
9) կատարելու օրենքով չարգելված այլ գործողություն:
2. Կազմակերպությունն իր շահառուների օրինական շահերը դատարանում ներկայացնում է հետևյալ ոլորտներում.
1) շրջակա միջավայրի պահպանություն.
2) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն:
3. Կազմակերպությունը սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված ոլորտից բխող հարցերով կարող է հայց ներկայացնել, եթե`
1) հայցադիմումը բխում է Կազմակերպության կանոնադրական նպատակներից և խնդիրներից և ուղղված է Կազմակերպության շահառուների` Կազմակերպության կանոնադրային նպատակների հետ կապված կոլեկտիվ շահերի պաշտպանությանը.
2) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում մասնակցել է հիմնադրութային փաստաթղթերի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկումներին, կամ հանրային քննարկումներին մասնակցելու հնարավորություն չի տրվել, և
3) հայց ներկայացնելու պահին նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն է ծավալել սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված ոլորտում:
(16-րդ հոդվածը խմբ., փոփ. 05.05.21 ՀՕ-198-Ն)
(հոդվածը 14.06.23 ՀՕ-208-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո)