Հոդված 31. Կազմակերպության գործունեության կասեցումը
Հոդված 31. Կազմակերպության գործունեության կասեցումը
1. Կազմակերպության գործունեությունը կարող է որոշակի ժամկետով կասեցվել դատարանի որոշմամբ՝ Լիազոր մարմնի դիմումի հիման վրա: Լիազոր մարմնի դիմումը պետք է լինի պատճառաբանված` նշելով այն օրենքը կամ այլ իրավական ակտը, որի խախտումը հիմք է Կազմակերպության գործունեությունը կասեցնելու համար, և ներկայացնելով խախտման փաստը հաստատող ապացույցները:
2. Դատարանն իրավունք ունի կասեցնելու Կազմակերպության գործունեությունը, եթե՝
1) Կազմակերպությունը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում.
2) Կազմակերպություն հիմնադրող անձը կամ լիազորված անձը Կազմակերպությունը հիմնադրելիս թույլ է տվել օրենքի էական խախտում կամ կեղծիք:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի իմաստով` կոպիտ խախտում է համարվում՝
1) սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում խախտումները չվերացնելը.
2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության առավել խիստ միջոցը կիրառելուց հետո` երեսնօրյա ժամկետում, խախտումը չվերացնելը:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի իմաստով՝ էական խախտում է համարվում՝ Կազմակերպության հիմնադրման ժամանակ տեղի ունեցած այնպիսի խախտումը, որը եթե հայտնի լիներ հիմնադրման կամ պետական գրանցման պահին, ապա Կազմակերպությունը չէր հիմնադրվի կամ չէր գրանցվի։
5. Կասեցման հիմքերը վերացնելու նպատակով դատարանը սահմանում է ողջամիտ ժամկետ: Կազմակերպության կողմից կասեցման հիմքերը վերացվելու վերաբերյալ ապացույցները ներկայացվում են դատարան: Դատարանը որոշում է կայացնում Կազմակերպության գործունեությունը վերսկսելու մասին, եթե ներկայացված ապացույցների հիման վրա եզրահանգման է գալիս կասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացված լինելու մասին: