Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-27-ից մինչև 2018-02-10։Բացել գործող տեքստը
ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ, ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ, ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸԳլուխ 27 · ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ

Հոդված 139. Հանրապետության նախագահի ընտրությունը

գործել է մինչև 2018-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 139. Հանրապետության նախագահի ընտրությունը

1. Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ, իսկ արտահերթ ընտրությունը՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո:

2. Հերթական ընտրության դեպքում Հանրապետության նախագահի թեկնածուները կարող են առաջադրվել Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան հիսուն օր, և ոչ ուշ, քան քառասուն օր առաջ, իսկ արտահերթ ընտրության դեպքում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:

3. Հանրապետության նախագահի թեկնածու չեն կարող առաջադրվել դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական ծառայությունում ծառայողները, զինծառայողները:

4. Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:

5. Հանրապետության նախագահի թեկնածուն առաջադրվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի գրավոր դիմումով, որտեղ նշվում են Հանրապետության նախագահի թեկնածուի, ինչպես նաև նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորների ներկայացուցչի անունները, ազգանունները: Դիմումին կցվում են Սահմանադրությամբ սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին հայտարարությամբ, իսկ Սահմանադրության կամ սույն հոդվածի 3-րդ մասի պահանջներին չհամապատասխանելու դեպքում դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է պատգամավորների ներկայացուցչին՝ նշելով պատճառների մասին:

6. Հանրապետության նախագահի ընտրության հարցը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների ապահովման դեպքում քննարկվում է թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, իսկ այդ ժամկետներում Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

7. Հարցը քննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով հետևյալ տարբերությամբ.

1) թեկնածուներին ներկայացնելու համար հատկացվում է մինչև տասնհինգական րոպե.

2) թեկնածուների ելույթների համար հատկացվում է մինչև մեկ ժամ.

3) թեկնածուների եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչև երեսնական րոպե:

8. Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը գաղտնի քվեարկությամբ ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը:

9. Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Հարցը քննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանված կարգով հետևյալ տարբերությամբ.

1) թեկնածուներին ելույթի համար հատկացվում է մինչև տասնհինգական րոպե.

2) մտքերի փոխանակության ընթացքում մինչև տասական րոպե տևողությամբ ելույթներով կարող են հանդես գալ միայն խմբակցությունների ներկայացուցիչները:

10. Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը գաղտնի քվեարկությամբ ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցը քննարկվում է սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

11. Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը գաղտնի քվեարկությամբ ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

12. Եթե Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված ժամկետում Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ հնգօրյա ժամկետում, կարող են առաջադրվել Հանրապետության նախագահի նոր թեկնածուներ, իսկ տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:

13. Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում՝ Կանոնակարգի 49-րդ հոդվածով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։