Հոդված 142. Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը
Հոդված 142. Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը
1. Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում:
2. Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ՝ Վճռաբեկ դատարանի կազմից:
3. Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուին առաջարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով, Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով, Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Դիմումին կցվում են Սահմանադրությամբ և օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է Բարձրագույն դատական խորհուրդ՝ նշելով պատճառների մասին, որն էլ պարտավոր է հնգօրյա ժամկետում առաջարկել նոր թեկնածու:
4. Թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին հայտարարությամբ:
5. Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով, թեկնածուի առաջադրումից հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում: Թեկնածուին ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:
6. Վճռաբեկ դատարանի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
7. Եթե Վճռաբեկ դատարանի նախագահը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացնում է Վճռաբեկ դատարանի նախագահի նոր թեկնածու:
(142-րդ հոդվածը խմբ., փոփ. 17.01.18 ՀՕ-50-Ն)