Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-11-25-ից մինչև 2025-01-12։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 15. Մշտական հանձնաժողովի նիստերի անցկացման կարգը

գործել է մինչև 2025-01-12Բացել ARLIS-ում

Հոդված 15. Մշտական հանձնաժողովի նիստերի անցկացման կարգը

1. Մշտական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, և նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի կողմից որոշված անդամը:

2. Մշտական հանձնաժողովի հերթական նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ: Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

3. Մշտական հանձնաժողովի նիստում հարցերը քննարկվում են Ազգային ժողովի նիստում հարցերի քննարկման ընդհանուր կարգին համապատասխան՝ Կանոնակարգով և հանձնաժողովի աշխատակարգով սահմանված կարգով:

4. Հանձնաժողովի օրակարգի հաստատման կամ նրա իրավասությանը վերապահված այլ որոշման ընդունման վերաբերյալ առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն միայն հանձնաժողովի անդամները, բացառությամբ Կանոնակարգի 78-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերի:

5. Մշտական հանձնաժողովի նիստում զեկուցողներին հարցեր տալու, ինչպես նաև նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք ունեն միայն պատգամավորները, բացառությամբ Կանոնակարգի 78-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի: Հանձնաժողովի նիստում ներկա լինելու իրավունք ունեցող այլ անձինք կարող են ելույթ ունենալ նիստը նախագահողի թույլտվությամբ կամ հանձնաժողովի որոշմամբ:

6. Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ քվեարկության դրված հարցին՝ կողմ, դեմ կամ ձեռնպահ, իսկ պաշտոնում թեկնածուին՝ կողմ կամ դեմ: Հանձնաժողովի նիստից բացակայող հանձնաժողովի անդամը կարող է քվեարկել սույն հոդվածի 6.1-ին մասով սահմանված կարգով:

6.1. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող հանձնաժողովի անդամը կարող է հարցի քվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել հանձնաժողովի նախագահին, իսկ Կանոնակարգի 13-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ նրան փոխարինողին: Հանձնաժողովի անդամի ստորագրած գրությունը փակ ծրարով հանձնաժողովի նախագահին կամ նրան փոխարինողին պետք է հանձնվի նախապես՝ մինչև գործուղման մեկնելը: Ծրարի վրա և գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում՝ հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ, ինչպես նաև պաշտոնում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու մասին հանձնաժողովի անդամի որոշումը: Հանձնաժողովի նիստը նախագահողը ծրարը բացում և գրությունը հրապարակում է հարցի քվեարկությունից առաջ: Քվեարկությունից հետո գրությունը կցվում է նիստի արձանագրությանը:

7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:

(15-րդ հոդվածը խմբ., լրաց. 17.01.18 ՀՕ-50-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։