Հոդված 140. Վարչապետի ընտրությունը
Հոդված 140. Վարչապետի ընտրությունը
1. Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, խմբակցությունն իրավունք ունի՝
1) առաջադրելու վարչապետի մեկ թեկնածու, կամ
2) քաղաքական կոալիցիա կազմել այլ խմբակցության հետ և առաջադրելու վարչապետի մեկ թեկնածու:
2. Վարչապետի թեկնածուն առաջադրվում է խմբակցության, իսկ քաղաքական կոալիցիայի դեպքում՝ կոալիցիայի կազմում ընդգրկված բոլոր խմբակցությունների որոշմամբ: Որոշման մեջ նշվում են վարչապետի թեկնածուի և նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորների ներկայացուցչի անունները, ազգանունները: Որոշմանը կցվում են Սահմանադրությամբ և օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը:
3. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս վարչապետի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին հայտարարությամբ, իսկ Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում՝ գրությունը և դրանց կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է խմբակցությանը՝ նշելով պատճառների մասին:
4. Վարչապետի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի 139-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով, թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:
5. Վարչապետն ընտրվում է անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
6. Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:
7. Պատգամավորների առնվազն մեկ երրորդը վարչապետի թեկնածուին առաջադրում է գրավոր դիմումով, որտեղ նշվում են վարչապետի թեկնածուի, ինչպես նաև նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորի անունները, ազգանունները: Դիմումին կցվում են Սահմանադրությամբ և օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը:
8. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս վարչապետի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին հայտարարությամբ, իսկ Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում ստորագրաթերթը և դրանց կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է պատգամավորների ներկայացուցչին՝ նշելով պատճառների մասին:
9. Վարչապետի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի 139-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով, թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում: Եթե անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
10. Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին: