Հոդված 81. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելը
Հոդված 81. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելը
1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն խմբակցությունը և Կառավարությունը, ինչպես նաև պատգամավորը՝ շրջանառության մեջ դրված նախագծի փոփոխված դրույթների վերաբերյալ:
2. Գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իսկ արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում միևնույն օրենքի նախագծի առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերն ընդգրկվելու դեպքում՝ համապատասխանաբար Կանոնակարգի 41-րդ հոդվածի 6-րդ կամ 44-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված Ազգային ժողովի որոշմամբ սահմանված ժամկետում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետները կարող են փոխվել հեղինակի կամ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Ժամկետը փոխելու վերաբերյալ առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման՝ նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուց անմիջապես հետո: