Հոդված 15. ՊԱՇՏՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Հոդված 15. ՊԱՇՏՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
1. Քննարկված բողոքի արդյունքների հիման վրա Պաշտպանը պարտավոր է ընդունել հետևյալ որոշումներից մեկը.
1) առաջարկել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար այն անձին, որի որոշումների կամ գործողությունների (անգործության) մեջ նա տեսնում է մարդու իրավունքների և ազատությունների խախտում, վերացնելու թույլ տրված խախտումները` նշելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերականգնման համար անհրաժեշտ և կատարման ենթակա հնարավոր միջոցառումները.
2) մարդու իրավունքների և ազատությունների խախտման բացակայության մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում չի բացահայտվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտում.
3) օրենքով նախատեսված հիմքերով բողոքի քննարկումը դադարեցնելու մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում բացահայտվել են բողոքը չքննարկելու կամ քննարկումը դադարեցնելու վերաբերյալ հիմքեր.
4) մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի և դրա պաշտոնատար անձի` օրենքին և այլ իրավական ակտերին հակասող նորմատիվ իրավական ակտերն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարան հայց ներկայացնելու մասին, եթե խախտում թույլ տված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրա պաշտոնատար անձը սահմանված ժամկետում ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր չի ճանաչում իր համապատասխան իրավական ակտը.
5) առաջարկել իրավասու պետական մարմիններին` կարգապահական կամ վարչական տույժի ենթարկել կամ քրեական պատասխանատվության կանչել պաշտոնատար այն անձին, որի որոշումներով կամ գործողություններով (անգործությամբ) խախտվել են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, և (կամ) որը խախտել է սույն օրենքի պահանջները:
2. Պաշտպանը պարտավոր է բողոքի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշման պատճենը, որոշումն ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում, ուղարկել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ դրա պաշտոնատար այն անձին, որի որոշումը կամ գործողությունները (անգործությունը) բողոքարկվել են:
3. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրա պաշտոնատար այն անձը, որն ստացել է Պաշտպանի` սույն հոդվածի 1-ին մասում նշված միջնորդությունը, պարտավոր է դա ստանալու օրվանից քսանօրյա ժամկետում ձեռնարկված միջոցառումների մասին գրավոր հայտնել Պաշտպանին: Անհրաժեշտության դեպքում Պաշտպանի համաձայնությամբ այս ժամկետը կարող է երկարաձգվել:
4. Պաշտպանը, բողոքի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասում նշված իր որոշման պատճենը, որոշումն ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում, պարտավոր է ուղարկել բողոքն ուղարկած անձին: Պաշտպանի որոշումը չի կարող խոչընդոտ դառնալ անձի կողմից իր իրավունքները և հիմնարար ազատություններն օրենքով չարգելված այլ միջոցներով պաշտպանելու համար:
5. Պաշտպանը կարող է անհրաժեշտության դեպքում հատուկ զեկույցներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին և Ազգային ժողով:
6. Պաշտպանը կարող է զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել իր միջնորդությանը չպատասխանած կամ միջնորդության պահանջները չկատարած կամ անբավարար կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վերաբերյալ հատուկ տեղեկություն` Պաշտպանի որոշման և միջնորդության վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձանց պատասխանների հետ միասին, եթե սպառվել են պետական մարմիններում հարցը լուծելու համար Պաշտպանի բոլոր հնարավորությունները:
(15-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-112-Ն)