Հոդված 15. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ
Հոդված 15. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ
Ակումբի կառավարման բարձրագույն մարմինն ակումբի անդամների կամ նրանց կողմից լիազորված ներկայացուցիչների ընդհանուր ժողովն է:
Ընդհանուր ժողովի որոշումների ընդունմանը քվեարկվում է մեկ անդամ` մեկ ձայն սկզբունքով:
Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն է պատկանում`
ա) ակումբի կանոնադրության և դրա անբաժանելի մասը հանդիսացող փաստաթղթերի (հավելվածների) ընդունումը, դրանցում փոփոխությունների և լրացումների կատարումը.
բ) ակումբի անդամ ընդունելը և հեռացնելը.
գ) ակումբի անդամներից երեք տարի ժամկետով նախագահի, խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի (գլխավոր վերստուգիչի) և վերստուգիչ հանձնաժողովի նախագահի ընտրությունը, դրանց անվստահություն հայտնելը և լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը.
դ) ակումբի տարեկան ֆինանսական հաշվետվությունների, բյուջեի և նախորդ տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվության հաստատումը.
ե) նախագահի և (կամ) խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունների հաստատումը.
զ) Ակումբների միությանն անդամակցելու և անդամակցությունից դուրս գալու մասին որոշման ընդունումը.
է) ակումբում հաստիքային աշխատողներ, ներառյալ` ակումբի կառավարիչ ունենալու անհրաժեշտության որոշումը և նրանց վարձատրության ձևերի ու չափի սահմանումը.
ը) ակումբի անդամներին սեփականության իրավունքով պատկանող արտադրական և ոչ արտադրական նշանակության գույքի մասին ակումբին տեղեկություններ տրամադրելու և դրանց գրանցման կարգերի սահմանումը.
թ) ակումբի անդամին ակումբի հանդեպ նրա ունեցած ժամկետանց պարտավորություններից ազատելը.
ժ) ակումբի վերակազմավորման և լուծարման մասին որոշում ընդունելը.
ժա) ակումբի կանոնադրությամբ սահմանված այլ հարցերի լուծումը:
Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը վերապահված լիազորությունները չեն կարող նրա կողմից փոխանցվել նախագահի, վարչության կամ կառավարչի իրավասությանը:
Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ժողովին ներկա գտնվող վարկային ակումբի անդամների ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն հոդվածի «ա», «գ», «դ», «ե», «զ», «է» և «թ» կետերի վերաբերյալ որոշումների, որոնց ընդունման համար պահանջվում է ձայների առնվազն 75 տոկոսը: