Հոդված 14. ԼՈՒՐՋ ՎՆԱՍԻ ԿԱՄ ԼՈՒՐՋ ՎՆԱՍԻ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 14. ԼՈՒՐՋ ՎՆԱՍԻ ԿԱՄ ԼՈՒՐՋ ՎՆԱՍԻ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
1. Լիազոր մարմինն ուսումնասիրության արդյունքում եզրակացություն է տալիս լուրջ վնասի կամ լուրջ վնասի վտանգի մասին, որն ընդգրկում է նաև լուրջ վնասի կամ լուրջ վնասի վտանգի և ուսումնասիրվող ապրանքի աճող ծավալներով և տվյալ պայմաններով ներմուծման միջև պատճառահետևանքային կապի հիմնավորումները: Լիազոր մարմնի եզրակացությունը պետք է հիմնված լինի գործին առնչվող ու տնտեսության ճյուղում ստեղծված վիճակի պատճառ հանդիսացող գործոնների վրա, մասնավորապես`
ա) ուսումնասիրվող ապրանքի ներմուծման ծավալներն ու դրանց աճի գործակիցը.
բ) ներքին շուկայի բաժինը, որը գրավվել է ուսումնասիրվող ապրանքի ներմուծման աճող ծավալներով.
գ) ներմուծված ապրանքների գինը.
դ) տնտեսության ճյուղի վրա ուսումնասիրվող ապրանքի աճող ծավալներով և տվյալ պայմաններով ներմուծման ազդեցությունը` հաշվի առնելով հետևյալ գործոնները`
- ներքին արտադրության ծավալները,
- արտադրական կարողությունների շահագործման աստիճանը,
- ապրանքի պահեստավորված ծավալները,
- շուկայի բաժինը,
- վաճառքի ծավալները,
- զբաղվածությունը և աշխատավարձը,
- ներքին շուկայում ապրանքի գները,
- շահույթները և վնասները.
ե) ուսումնասիրվող ապրանքի աճող ներմուծման հետ չառնչվող գործոնները, որոնք լուրջ վնաս են հասցնում տնտեսության ճյուղին կամ ստեղծում են լուրջ վնասի վտանգ:
2. Լուրջ վնասի վտանգի դեպքում Լիազոր մարմինը, ի լրումն սույն հոդվածի 1-ին կետում նշվածների, հաշվի է առնում հետևյալ գործոնները`
ա) արտահանող կամ ծագման երկրում(ներում) ուսումնասիրվող ապրանքի արտահանման կարողությունները.
բ) ուսումնասիրվող ապրանքի` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ծավալների աճելու հնարավորությունները.
գ) այլ գործոններ: