Հոդված 46. Համայնքի ղեկավարի լիազորությունները կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում
Հոդված 46. Համայնքի ղեկավարի լիազորությունները կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում
1. Կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) կազմակերպում է նախադպրոցական և արտադպրոցական կրթության իրականացումը համայնքի տարածքում.
2) կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, երիտասարդական կենտրոնների, գրադարանների, կրթական, մշակութային և երիտասարդական այլ հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման և նորոգման աշխատանքները.
3) իրականացնում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություն.
4) ստեղծում է պայմաններ երիտասարդական ծրագրերի և միջոցառումների կազմակերպման, անցկացման համար.
5) աջակցում է համայնքում երիտասարդական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի, միջոցառումների իրականացմանը.
6) աջակցում է համայնքում իրականացվող էկոլոգիական ոչ ֆորմալ կրթության և դաստիարակության ծրագրերի իրականացմանը.
7) օրինակելի կանոնադրության հիման վրա ավագանու որոշմամբ համայնքի ղեկավարը հաստատում է համայնքի կողմից ստեղծվող երիտասարդական կենտրոնի կանոնադրությունը.
8) հաստատում է համայնքի կողմից ստեղծվող երիտասարդական կենտրոնի գործունեության տարեկան կամ բազմամյա ծրագիրը:
2. Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը.
1) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումներ:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ երիտասարդության ոլորտում լիազորությունների իրականացման համար համայնքում պետության կամ համայնքի կամ քաղաքացիական հասարակության կառույցների կողմից կամ նրանց միջև երկկողմ կամ բազմակողմ համագործակցությամբ ստեղծվում է երիտասարդական կենտրոն, կամ համայնքի ղեկավարը նպաստում է դրանց հիմնադրմանը՝ աջակցելով կենտրոնների գործունեությանը: Համայնքում երիտասարդական քաղաքականության մշակումն ու իրականացումը ապահովելու նպատակով համայնքի աշխատակազմի աշխատողներից առնվազն մեկի գործառույթներում սահմանվում են երիտասարդական աշխատողի գործառույթները, կամ համայնքի ղեկավարի հայեցողությամբ ստեղծվում է երիտասարդական աշխատողի առնվազն մեկ հաստիք: Համայնքային երիտասարդական կենտրոնի և երիտասարդական աշխատողի գործունեության առանձնահատկությունները սահմանված են «Երիտասարդական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(46-րդ հոդվածը լրաց. 16.09.20 ՀՕ-416-Ն, 05.03.25 ՀՕ-59-Ն)
(05.03.25 ՀՕ-59-Ն օրենքն ունի անցումային դրույթ)